Բաժիններ՝

Եվրամիության ընդհանուր պաշտպանությունը պետք է նաև ընդհանուր ֆինանսավորում ունենա. Կոշտա

Եվրամիությունն ունի անդամ պետություններին 150 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկեր տրամադրելու ծրագիր, բայց անհրաժեշտ է ունենալ ավելի մեծ հնարավորություններ, եվրոպական ընդհանուր պաշտպանությունը պետք է ունենա նաև  ընդհանուր ֆինանսավորում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո:

«Ռազմական ծախսերը պետք է զգալիորեն ավելացվեն», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահն՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ է ապահովել ընդհանուր լավ համատեղ ֆինանսավորում ընդհանուր հիմնադրամից, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի ուժեղ տնտեսություն»: Նա մատնանշել է եվրոպական պաշտպանական ընկերությունների չափի մեծացման և պաշտպանական արդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը:

Կոշտայի խոսքով՝ «չորս տարի առաջ ոչ ոք չէր խոսում Եվրոպայում համատեղ պաշտպանության մասին», իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն աջակցում է «Ուկրաինային քաղաքական, տնտեսական և ռազմական առումով»:

«Այն, ինչ արվել է, շատ կարևոր է։ Կա անդամ պետություններին պաշտպանության համար տրամադրվող 150 միլիարդ եվրոյի վարկային ծրագիր։ Բայց մեզ հարկավոր է ավելին և ընդհանուր ջանքերով։ Հաջորդ բազմամյա ֆինանսական պլանում ի հայտ կգա հնարավորություն որոշելու, թե ինչը և ինչպես պետք է  ֆինանսավորել։ Եթե պաշտպանությունն ընդհանուր է, պետք է լինի նաև ընդհանուր ֆինանսավորում», – կարծում է Եվրոպական խորհրդի նախագահը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, առաջին հերթին մտածում են Միության արևելյան սահմանի մասին։

«Բայց մենք չենք կարող մոռանալ, որ ունենք նաև այլ սահմաններ, որոնք անհրաժեշտ է պաշտպանել՝ Կիպրոսից մինչև Ֆինլանդիա և Պորտուգալիայից մինչև Ռումինիա։ Անհրաժեշտ է բարելավել սահմանների կառավարումը՝ անօրինական ներգաղթի և մաքսանենգների դեմ պայքարելու համար, և մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ եվրոպական միգրացիոն քաղաքականություն», – ասել է Կոշտան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս