
Հայաստանի դեմ սպառնալիքներն ուղղված են ոչ թե անվտանգության, այլ՝ ժողովրդվարության դեմ. Գրիգորյան
Հայաստանի նկատմամբ անվտանգային ու ռազմական սպառնալիքները վերջին մի քանի ամիսների համեմատ շատ ցածր են։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
Նա նշեց, որ սպառնալիքների նվազմանը մեծապես նպաստել են Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը և վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Պաշտոնյայի կարծիքով՝ սպառնալիքներն այսօր ավելի շատ ՀՀ ժողովրդավարության նկատմամբ են։
«Ստեղծվել են նոր հնարավորություններ, սակայն անելիքները դեռ շատ են։ Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չպետք է թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպն ու ռեժիմն է, գաղափարախոսությունն է։ Այդ սպառնալիքները պետք է գնահատենք, որոնք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են, և հասցեագրենք դրանք ամենօրյա աշխատանքում»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները մեկ պետությունից չեն գալիս, այլ համակցված են։ Լրագրողները հետաքրքվեցին` ինչո՞ւ սեպտեմբերի 13-ին որևէ հիշատակում չեղավ Ադրբեջանի կողմից Ջերմուկի հրետակոծության և զոհերի մասին, Գրիգորյանը պատասխանեց, թե կարևոր է ամեն պահին ճիշտ մարտավարություն ընտրել։
«Կոնֆլիկտի պատմության ցանկացած շրջանում ցանկացած զոհ, ցանկացած վիրավորում, ցանկացած խաթարված ճակատագիր մեզ համար ունի հավասար կարևորություն և հավասար ցավ է։ Այստեղ այլ բան է, որ խաղաղության կառուցման միջավայրի հարցում պետք է գնանք այնպիսի տակտիկայով, որով նոր զոհեր, անվտանգության նոր սպառնալիքներ չստեղծենք»,– հավելեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` այսօր ՀՀ տեղեկատվական դաշտը բարելավելու և հիբրիդային պատերազմներում հաղթելու համար կարևոր է, որ հասարակությունը քննադատաբար մոտենա չստուգված տեղեկատվությանը։