«Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն հայ ժողովուրդն է. Սիմոնյանն իր խոսքի պատասխանը ստացել է». Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց՝ այդ հայտարարությանը պատասխանել է խորհրդարանի ամբիոնից։

«Ես չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանն ում է ակնարկում, որ փորձում են, որոնում են և այլն, ես անկախ Հայաստանի առաջին հասարակա-քաղաքական միավորի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ և դրանով շատ հպարտանում եմ։

Ես իմ ելույթում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն հայ ժողովուրդն է, դա ակնհայտ է թե՛ հարցումներից, թե՛ ժողովրդի վերաբերմունքից, եթե Սիմոնյանը սա նկատի ուներ, ապա՝ այո։

Իր ելույթի ընթացքում նա նաև այլ բաներ էր ասել, որոնց թե՛ ես, թե՛ ընդդիմադիր այլ գործիչներ  արձագանքել էինք, ընդ որում՝ պարզվեց, որ նույն ձևով ենք արձագանքել։ Այնպես որ՝ Ալեն Սիմոնյանն իր ցանկացած խոսքին պատասխան ստացել է  և ստանում է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իշխանությունների գնահատականին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ, ի տարբերություն շատերի՝ իշխանություններին իր գնահատականը տվել է դեռևս 2018 թվականին։ Գնահատական տվել է նաև 2018 թվականի վերջին, երբ «եթե մտահոգ ես» կարգախոսով մասնակցել են ընտրություններին։

«Հետո իմ գնահատականը տվել եմ փողոցային պայքարի ընթացքում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո գնահատականս տվել եմ հրապարակից, անվանել եմ դավաճան ու խոսքերիցս մեկ վայրկյան անգամ հետ չեմ կանգնելու»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս