Բաժիններ՝

Իսրայելի նախագահը կոչ է արել երկրի իշխանություններին չանտեսել հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ

Մինչ Իսրայելի արաբ գործընկերները և այլ մերձավորարևելյան պետություններ հավաքվում են Դոհայում՝ Իսրայելի դեմ միջոցներ պահանջելու նպատակով, երկրի նախագահ Իցհակ Հերցոգը կոչ է արել իշխանություններին չանտեսել հարաբերությունները տարածաշրջանային դաշնակիցների հետ, գրում է Times of Israel-ը։

«Կան բազմաթիվ երկրներ, – հայտարարել է նա Իսրայելի նախկին նախագահների և վարչապետների հիշատակի ազգային արարողության ժամանակ, – որոնց հետ, չնայած տարաձայնություններին՝ երբեմն շատ խոր տարաձայնություններին և դիրքորոշումներին, որոնք ես վճռականորեն մերժում եմ, Իսրայելը պահպանում է լայնածավալ և նշանակալի կապեր, այդ թվում՝ կարևոր տնտեսական հարաբերություններ»։

Ըստ նրա, այդ երկրները մաս են կազմում արևմտամետ աշխարհի, որի մեջ Իսրայելը ձգտում է մնալ։ Այդ պետություններում կա նաև մեծ և ազդեցիկ հանրություն, որն աջակցում է Իսրայելին և ցանկանում է լսել նրա ձայնը։ «Հետևաբար, մենք պետք է գործենք դիվանագիտական և հանրային դիվանագիտության միջոցով՝ նպատակային և վճռական, չանտեսելով որևէ ոլորտ, խոսելով բոլորի հետ և հանդես գալով նախաձեռնությամբ։ Մենք չպետք է հրաժարվենք մեր կապերից։ Չպետք է այրենք կամուրջները։ Իսրայելը չպետք է հաշտվի մեկուսացման հետ, որը մեր թշնամիները փորձում են մեզ պարտադրել», – նշել է Հերցոգը։

Թեև նա անուններ չի նշել, նախագահի գրասենյակի աղբյուրը պարզաբանել է, որ խոսքը հիմնականում վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններին։ Միաժամանակ Հերցոգը ընդունել է, որ «Իսրայելը երբեք չի բախվել նման թշնամական վերաբերմունքի, հատկապես ռազմավարական և ազդեցիկ հարթակներում»։

«Իսրայելի դեմ ատելությունը վեր է բարձրացնում իր այլանդակ գլուխը՝ ստիպելով մեզ կանգնել և պայքարել դրա դեմ՝ բոլոր միջոցներով, բոլոր ճակատներում», – եզրափակել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս