Թրամփը ԵՄ-ին առաջարկել է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի և ՉԺՀ-ի վրա՝ ռուսական նավթ գնելու համար. AFP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը կոչ է արել մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանից և Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ Ռուսաստանի վրա «ճնշումը մեծացնելու» համար, որից այդ երկրները նավթ են գնում։ Դրա մասին հայտնել են Financial Times-ը և Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Թրամփն այդ առաջարկը ներկայացրել է Վաշինգտոնում Եվրամիության և Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու տարբերակները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Վաշինգտոնը պատրաստ է «դիմագրավել» Չինաստանի և Հնդկաստանի դեմ ԵՄ-ի ցանկացած մաքսատուրք։

«Նախագահը կարծում է, որ ակնհայտ մոտեցումը բոլորի վրա լուրջ մաքսատուրքեր սահմանելն է և դրանք պահպանելը, մինչև Չինաստանը չհամաձայնի դադարեցնել [ռուսական] նավթ գնելը։ Այդ նավթի համար իրականում շատ այլ ուղղություններ չկան»,- ասել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա։

Օգոստոսի սկզբին Թրամփը Հնդկաստանի վրա 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանեց՝ Ռուսաստանից նավթ գնելը շարունակելու համար։ Հետագայում մաքսատուրքերը բարձրացվեցին մինչև 50%։

Սեպտեմբերի 3-ին, եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ճնշում գործադրի Չինաստանի վրա, որպեսզի չինական իշխանությունները ևս դադարեցնեն ռուսական նավթի և գազի գնումը: Բացի դրանից, նա պահանջել է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթի գնումը, քանի որ դրանով ԵՄ-ն «ֆինանսավորում» է պատերազմը: Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի՝ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն ռուսական նավթի և գազի գնումը, եթե ցանկանում են, որ Վաշինգտոնը խստացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս