
ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Չինաստանից դեղերի ներմուծումը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Չինաստանից դեղորայքի ներմուծման վրա լուրջ սահմանափակումներ մտցնելու հարցը, գրում է New York Times թերթը՝ հղում անելով հրամանագրի նախագծին։
«Հրամանը սպառնում է դադարեցնել Չինաստանում մշակվող փորձարարական դեղամիջոցների հոսքը»,- ասվում է հոդվածում։
Թերթը նշում է, որ խոշոր դեղագործական ընկերությունները ձեռք են բերում Չինաստանում ստեղծված դեղամիջոցների իրավունքները՝ քաղցկեղի, ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների և Կրոնի հիվանդության բուժման համար: Փաստաթղթում կոչ է արվում Միացյալ Նահանգներում մեծացնել մի քանի տեսակի դեղամիջոցների արտադրությունը, որոնք հիմնականում արտադրվում են Չինաստանում։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քուշ Դեսայը, սակայն, հրատարակությանը հայտնել է, որ վարչակազմը «ակտիվորեն չի քննարկում» որոշման նախագիծը։
«Մեր ազգային և տնտեսական անվտանգության ապահովումը վարչակազմի գերակա խնդիրն է»,- ասել է նա։