
Կինոթատրոններում ցուցադրվող բոլոր ֆիլմերը 2026-ից պետք է լինեն հայերեն կրկնօրինակմամբ կամ ենթագրերով

Հայաստանում նախատեսում են նոր օրենսդրական նախաձեռնություն, որով 2026 թվականից սահմանվում է պահանջ, որ կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակվող բոլոր ֆիլմերը պետք է ունենան հայերեն կրկնօրինակում կամ հայերեն ենթագրեր:
Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին:
Ռուբինյանը նշեց՝ մինչև այժմ Հայաստանի կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ: «Մի կինոթատրոն չկա, որ բոլոր ֆիլմերը հայերեն լինեն: Ես դեմ չեմ՝ թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ՝ ռուսալեզու մարդկանց համար: Բայց այս հարցը լուծում չունի՞»,-հարցրեց Ռուբինյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն 2021 թվականին ընդունել է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը՝ կարգավորելով պատգամավորի մատնանշած հարցը, բայց այդ պահանջը սահմանել է 2030 թվականից: Ըստ Անդրեասյանի՝ դա շատ ուշ է:
«Եվ մենք հիմա բերում ենք Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի փոփոխություն, որն առաջիկայում, հուսով եմ, կհասնի ԱԺ և մենք կկարողանանք դա քննարկել աշնանային նստաշրջանում: Դրանով առաջարկում ենք, որ այդ կարգավորումն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից: Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս, օրինակ, որ հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը դառնա օրենսդրական պահանջ»,-ասաց նախարարը:
Նա հստակեցրեց՝ ցանկացած կինոթատրոնում, հեռուստաընկերությունների պարագայում ևս ցուցադրվող ֆիլմը հայերեն թարգմանությամբ ուղեկցելու պահանջ է սահմանվում: 2021-ին ընդունված Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը մասնավորապես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա։ Վարձութային վկայական տրամադրվում է, եթե ֆիլմը բավարարում է որոշակի պայմանների: Մասնավորապես՝ կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման՝ պետք է լինեն օտարալեզու։