
Ի՞նչ մտահոգություններ ունի ԵՄ-ն Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո

Օրերս Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձան գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ-ն՝ կոչ անելով Ադրբեջանին ու Հայաստանին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական աջակցություն տրամադրել, եթե կողմերը դիմեն այդ հարցով»,- ասել է Հիփերը։
Նա այդ բանակցություններն անվանել է «կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ճանապարհին»։
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-ն անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Մեր աղբյուրների համաձայն, ԵՄ-ն գործընթացին հետևում է ամենաբարձր մակարդակով և ունի որոշ մտահոգություններ։
Մի կողմից, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, կա մեծ գոհունակություն, որ կողմերը զրոյացրել են ռուսական ազդեցությունը, մասնակցությունը ռեգիոնալ զարգացումներում, ինչպես նաև զրոյացել է հայ-ադրբեջանական գործընթացում ՌԴ դերակատարությունը, և բանակցում են չեզոք երկրում, մյուս կողմից էլ, սակայն, ԵՄ-ում կան հիմնավոր կասկածներ, որ այս ուղիղ բանակցային գործընթացը ևս կարող է երկարաձգվել՝ անկանխատեսելի հանգամանքների հնարավորություն ստեղծելով գործընթացում։
Մեր տեղեկությունների համաձայն, Աբու Դաբիի հանդիպումից Արևմուտքի ակնկալիքները շատ ավելին էին, սակայն արդյունքները հիասթափեցրել են։
«Ակնկալիքն այն էր, որ կողմերը համաձայնության կհասնեին թե ապաշրջափակման, թե խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման շուրջ, հատկապես, երբ ԵՄ բարձր ներկայացուցիչն իր հայաստանյան և ադրբեջանական այցերի ընթացքում համապատասխան մեսիջներ է փոխանցել կողմերին՝ կենտրոնանալով հենց ապաշրջափակման հարցը վրա, դրանում ունենալով հստակ աշխարհաքաղաքական շահեր։
Սակայն, ինչպես երևում է, վերջնական պայմանավորվածությունները հետաձգվում են, կողմերը հավելյալ կարգով կշարունակեն քննարկումները, ու չի բացառվում, որ կողմերի միջև նոր տարաձայնություններ ու աշխարհաքաղաքական հանգամանքներ ի հայտ գան։
Չի բացառվում նաև, որ ամիսներ անց հնարավոր լինի հասնել բեկման, սակայն երկարաձգումը մտահոգում է»,- նշում են մեր աղբյուրները՝ հավելելով, որ սա է պատճառը, որ ԵՄ-ն գործընթացն արագացնելու, ինչպես նաև դրան աջակցելու կոչով է հանդես գալիս։
ԵՄ-ում չեն բացառում նաև ռուսական դիրքերի փոփոխություն, ինչ-որ առումով՝ բարելավում Հարավային Կովկասում, ուստի հիմա ամեն կերպ փորձում են նպաստել պայմանավորվածությունների ձեռքբերմանը։
«Սակայն կա նաև ընկալում, որ Ադրբեջանն անընդհատ բարդացնում է գործընթացը, և չկան շատ լծակներ դրա վրա ազդելու համար»,- նշում են մեր աղբյուրները։