
20 օր անց դեռևս չեն վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակիցների մեքենաները. Քննչական կոմիտեից խոստանում են՝ կվերադարձնեն, բայց չգիտեն՝ երբ

Հունիսի 17-ին, երբ տեղի ունեցավ փաշինյանական ոստիկանության ասպատակությունը ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատան վրա և շուրջ 4 տասնյակ մարդու, ոտք ու ձեռք կոտրելով, բերման ենթարկեցին, նրանք միայնակ չէին. Սամվել Կարապետյանի առանձնատան մոտից «բերման ենթարկվեցին» նաև նրա ընտանիքի անդամների, ազգականների, հարազատների ու աջակիցների մեքենաները:
«Բերման ենթարկված մարդիկ ազատ են արձակվել, իսկ ահա նրանց թվով 50 մեքենաներն իշխանությունը չի վերադարձրել: Ուսումնասիրում են: Թե ի՞նչը, հայտնի չէ: Երևի ավտոմեքենաներում թաքնված իշխանազավթներ են փնտրում»,- դեռևս հունիսի 20-ին թեմային անդրադարձել էր 168.am-ը:
Այսօր՝ այդ իրադարձությունից շուրջ 20 օր անց, մեքենաներն իրենց տերերին դեռ չեն վերադարձրել:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ մեքենաները չեն վերադարձվում, ՆԳՆ լրատվականից պատասխանեցին՝«ինչպես հայտնել էինք, նշված մեքենաները տեղափոխվել էին պահպանվող հատուկ տարածք՝ ենթադրյալ հակաիրավական արարքներին այդ մեքենաների առնչությունը պարզելու ուղղությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»։
«Որոշ մեքենաներ, որոնք չեն հանձնվել սեփականատերերին, անցնում են նախաձեռնված քրեական վարույթով»,– ասացին ՆԳՆ-ից:
Մենք փորձեցինք Քննչական կոմիտեից ճշտել՝ ո՞ր վարույթի շրջանակում, քանի՞ մեքենա է անցնում, և ե՞րբ են դրանք վերադարձվելու իրենց տերերին:
ՔԿ-ից մեզ պատասխանեցին, որ մեքենաների թիվ չեն կարող նշել:
«Անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում: Դրանից հետո մեքենաները հետ կվերադարձվեն, բայց կոնկրետ ժամկետներ նշել չենք կարող, թե երբ կվերադարձնեն»,- ասացին Քննչական կոմիտեից: