Բաժիններ՝

Հրավիրելու եմ 3 նախագահներին, մեկ էլ տեսար՝ երեքն էլ եկան. մամուլ

«Առավոտ» օրաթեթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ինչպիսի բռնապետ էլ Լուկաշենկոն լինի, այն փաստը, որ Բելառուսը և Հայաստանը լավ, բարեկամական հարաբերություններ ունեն, կարող է միայն ուրախացնել: Որ Աբովյան քաղաքում եկեղեցի է բացվել՝ նույնպես շատ ուրախալի է: Դրական է նաև, որ այդ միջոցառմանը հրավեր են ստացել Հայաստանի երեք նախագահները: Դրականն այստեղ ավարտվում է, որովհետև կարող եմ 99 տոկոսով կանխատեսել, որ այդ հրավերը կընդունեն երկուսը:

Նույն Բելառուսում այդ խնդիրը չկա, որովհետև այդ երկրում բացի Լուկաշենկոյից՝ ուրիշ նախագահ չի եղել (Ստանիսլավ Շուշկևիչը Գերագույն խորհրդի նախագահ էր) և մոտակա տարիներին դժվար էլ լինի: 1994 թվականից սկսած՝ Բելառուսի ամբողջ պատմությունը կենտրոնացված է մեկ մարդու դեմքի մեջ:

«Փոխարենը,- կասեն մեր շատ համաքաղաքացիներ,- Բելառուսի ժողովուրդը սիրում է իր նախագահին»: Իհարկե, սիրում է: Թուրբմենբաշիին էլ էին սիրում, Կիմ Չեն Իրին էլ, իսկ Ստալինի համար պարզապես գժվում էին: Ես կգերադասեմ, որ լինի մեր տարբերակը, երբ հայաստանցիները չեն սիրում իրենց նախագահներին՝ համենայն դեպս, այն ժամանակ, երբ նրանք իշխանության գլխին են: Ղեկավարի նկատմամբ սերը, առավել ևս՝ պաշտամունքը ոչ մի լավ բանի մասին չի վկայում:

Այդ երեք գործիչներն էլ բացարձակապես պարտավոր չեն իրար սիրել: Բայց նրանք պարտավոր են իրար հետ պահպանել զուսպ, կոռեկտ հարաբերություններ, և եթե նույնիսկ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ են, իրենց հակասությունների մասին հայտարարեն քաղաքակիրթ եղանակով:

Ենթադրում եմ, օրինակ, որ Բուշ ավագն ու որդին Բարաք Օբամայի աչքի լույսը չեն, բայց երբ նրանք և մյուս նախկին նախագահները իրար ժպտում են և իրար հետ նկարվում են, նրանք մտածում են ոչ թե սեփական էմոցիաների, այլ նախագահի ինստիտուտի հեղինակության և, հետևաբար, պետության մասին:

Ցավոք, այդ երանելի վիճակին մենք առայժմ չենք հասել: Առաջինը վատ ավանդույթի հիմքը դրեց երկրորդ նախագահը, որի քարոզիչները հենց 1998 թվականի փետրվարից սկսեցին հարձակվել «նախորդ հանցավոր ռեժիմի» վրա՝ փորձելով Ռոբերտ Քոչարյանի համար հեղինակություն ստեղծել «նախկինների» հաշվին:

Այդ ավանդույթը մասամբ շարունակվում է նաև այսօր, երբ փորձում են նսեմացնել Տեր-Պետրոսյանի դերը Արցախի ազատամարտում, ինչը (այլ բառ չեմ գտնում) քստմնելի է:

Ինքը՝ առաջին նախագահը, շարունակեց այղ վատ ավանդույթը՝ 2007-ին վերադառնալով քաղաքականություն և սկսելով քննադատել իշխանությանը ճիշտ այն բառապաշարով, որով 90-ականներին քննադատում էին իրեն: Հետո երեքն էլ ասում են՝ ինչու պետությունը այն չի, ինչին մենք ձգտում ենք: Բա ո՞վ պետք է առաջինը օրինակ ցույց տա:

2014 թվականին լրանալու է «Առավոտ» թերթի 20-ամյակը: Հրավիրելու եմ 3 նախագահներին: Մեկ էլ տեսար՝ երեքն էլ եկան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս