Բաժիններ՝

Հարց բժշկին. եղունգների ոչ ճիշտ խնամքից կարող են առաջանալ լուրջ խնդիրներ՝ եղունգի այրվածքներից ընդհուպ մինչև ՁԻԱՀ

Շատերը եղունգների խնամքին և հիվանդություններին մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն եղունգը, որպես մարմնի մաս, հավասար խնամք ու հոգատարություն է պահանջում:

Առողջ եղունգներ ունենալու համար անհրաժեշտ քայլերի, առաջարկվող լուծումների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք էնդոկրինոլոգ, մաշկաբան-պոդոլոգ Սիրանուշ Ղազարյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ սա շատ արդիական ու կարևոր թեմա է, քանի որ այսօր գրեթե բոլոր աղջիկներն ու կանայք հաճախում են տարբեր կենտրոններ՝ եղունգների խնամքի և տարբեր պրոցեդուրաների:

«Կարելի է ասել, որ եղունգներն օրգանիզմի հայելին են, նայելով եղունգներին, մենք կարող ենք պատկերացում կազմել օրգանիզմի վիճակի մասին, այդ պատճառով եթե նկատում եք եղունգների գույնի փոփոխություն, փայլի կորուստ, գծիկներ, անհարթություն, ապա անմիջապես պետք է դիմել բժիշկ մաշկաբան-պոդոլոգին»,- նշեց մասնագետը:

Թե ինչպե՞ս օգտվել նորարարկան խնամքից  և չվնասել եղունգները, ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագետների և ինչի՞ն ուշադրություն դարձնել՝ մասնագետը մատնանշեց, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ստերիլիզացմանը:

Ըստ նրա՝ ցանկացած կենտրոն կամ մասնագետի մոտ այցելելիս պետք է հասկանալ՝ արդյոք ստերիլիզացիան իրականացվում է միջազգային չափորոշիչերին համապատասխան, որից հետո ուշադրություն դարձնել մասնագետի որակավորմանը:«Այսօր ինֆորմացիան շատ բաց է և բավական հեշտ է դարձել որևէ բժշկի կամ բժշկական կենտրոնի մասին տեղեկություն ստանալը:

Եղունգների տարբեր տեսակի խնամքների, չիստկաների, տարբեր գելերի օգտագործումից մարդը կարող են  բազմապիսի խնդիրների բախվել, քանի որ այնտեղ օգտագործվում են տարբեր  գործիքներ, և, եթե դրանք ստերիլիզացված չեն, ապա շատ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, ընդհում մինչև ՁԻԱՀ:Մեզ դիմում են տարբեր խնդիրներով՝ գելապատումնից հետո շատ հաճախ առաջանում է եղունգների այրվածքներ,  սնկային ախտահարումներ, շատ դեպքեր են լինում նաև ինֆեկցիաների, ինչպես նաև կարող են առաջանալ գորտնուկներ»,-ասաց բժիշկ մաշկաբան-պոդոլոգը:

Մասնագետն ընդգծեց՝ եթե ճիշտ են կատարվում բոլոր պրոցեդուրաները, ժամանակին են գել լաքը հեռացնում, ճիշտ սարքավորում ու նյութեր են օգտագործում, ապա եղունգների վնասվելու հավանականությունը շատ ցածր է լինում, նույնիսկ եթե այդ պրոցեդուրաներն իրականացվում են երկար ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս