
ԱՄՆ-ն Ավստրալիայից պահանջում է պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը

ԱՄՆ-ն Ավստրալիայի իշխանություններին խնդրում է հնարավորինս շուտ պաշտպանության բյուջետային ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը: Այդ մասին հունիսի 1-ին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Այս թեման քննարկվել է Սինգապուրում «Շանգրի Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և Ավստրալիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզի հանդիպման ժամանակ:
Մառլզն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր ամերիկացի գործընկերը կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը, սակայն չէր պարզաբանել, թե հատկապես որքան:
«Խոսելով պաշտպանական ծախսերի մասին՝ նախարար Հեգսեթն ասել է, որ Ավստրալիան պետք է հնարավորինս շուտ իր պաշտպանական ծախսերը մեծացնի՝ հասցնելով իր ՀՆԱ-ի 3,5%-ին», – ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը քննարկել են ԱՄՆ-Ավստրալիա գործընկերության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև «Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում ներդրումների համապատասխանեցումը, Ավստրալիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մեծացնելու ուղղությամբ նախաձեռնությունների իրագործման արագացումը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության առաջխաղացումը և մատակարարումների շղթայի կայունության ամրապնդումը»:
Հեգսեթի կողմից հայտարարված պաշտպանական ծախսերի ծավալը համապատասխանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախաձեռնությանը, որն առաջարկել է դաշինքի երկրների ռազմական բյուջեները մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%, ինչպես նաև ՀՆԱ-ի լրացուցիչ 1,5%-ը ծախսել այն ենթակառուցվածքների վրա, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ: Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը կքննարկվի հունիսի վերջին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովում։
Ավստրալիայի պաշտպանական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի մոտավորապես 2%-ը: Կառավարությունը պլանավորում է մինչև 2033 թ. այս ցուցանիշը հասցնել 2,3%-ի: