
Հայաստանը դատարկում են

Պատրանքներով հասարակությանը կերակրող ՔՊ-ականների իշխանությունը Հայաստանը հասցրել է աղետի։ Նախկիններին էին մեղադրում երկիրը դատարկելու, սահմանամերձ բնակավայրերը անպաշտպան թողնելու, արտագաղթը խթանելու, ժողովրդագրական պատկերն աղճատելու մեջ։
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին տարիներին՝ ՔՊ-ականների իշխանության գալուց հետո, ոչ մի նախկինի հետ հնարավոր չէ համեմատ, իսկական աղետ են բերել։ Այդքանից հետո, նստում-կանգնում՝ նախկիններին են հաթաթա տալիս, սպառնում ԱԱԾ պադվալներով, մեղադրում արված ու չարված մեղքերի մեջ, իսկ իրենց արածների համար ե՞րբ են պատասխան տալու։
Ասֆալտ անելով են խաբում ժողովորդին, մինչդեռ երկիրը դատարկում են։ Դատարկում են՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի։
ՔՊ-ական իշխանության տարիներին Հայաստանից հազարավոր քաղաքացիներ են արտագաղթել։ Միայն վերջին 4 տարիներին գնացել ու չի վերադարձել ավելի քան 150 հազար մարդ։
Ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար սա սարսափելի մեծ թիվ է։ Չորս տարում բնակչության 5 տոկոսը հեռացել է երկրից։
Միայն արտագաղթով չեն դատարկում երկիրը. Իբր ծնելիությունը խթանելուն ուղղված ծրագրեր են իրականացնում, բայց ծնելիությունը կրճատվում է։ Վերջերս Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր այդ ծրագրերն ու դրանց շրջանակներում ծախսված միջոցները։ Ասում էր՝ 2018թ. ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրին։
«Ի սկզբանե մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին հանդիսանում միայն աշխատող մայրերը։ 2018 թվականից հետո մենք նախ՝ ծրագրի շահառու դարձրեցինք գյուղական վայրերում ապրող, բայց չաշխատող երիտասարդ մայրիկներին, ապա՝ նաև քաղաքներում բնակվող և չաշխատող երիտասարդ մայրիկներին, այսինքն՝ գործնականում բոլորին։
Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվն ավելացավ 4․6 անգամ՝ 12.733-ից դառնալով 58.796, այսինքն՝ ավելանալով 46.63 մարդով, իսկ նպաստի միջին չափն ավելի քան կրկնապատկվել է։
Հաջորդը՝ 31․4 միլիարդ դրամ տրամադրվել է 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։
Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել և սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից, և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33.825 երեխա պետությունից ամսական 50.000 դրամ աջակցություն է ստանում։
2020 հուլիսի 1-ից ներդրվել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12 հազար 151 երիտասարդ ընտանիք 8.6 մլրդ դրամի հավելյալ աջակցություն է ստացել»,- իր կառավարության իրականացրած ծնելիության խթանման ծրագրերն էր հատիկ-հատիկ թվարկում Նիկոլ Փաշինյանը։
Բայց այդպես էլ չասաց, թե ինչ արդյունք են տվել այդ ծրագրերը։ «Արդյունքն» այն է, որ ծնելիությունն ավելանալու փոխարեն՝ կրճատվել է։ Կրճատվել է անցած տարի, նախանցած տարի, դրանից առաջ։
2023թ. ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2022թ.։ 2024թ. ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2023թ.։ Խոսքը հազարներով պակաս ծնված երեխաների մասին է։
Այսօր Հայաստանում ավելի քիչ երեխա է ծնվում, քան ծնվում էր մինչև ՔՊ-ականների իշխանության գալը։ 2024թ. Հայաստանում 33.648 երեխա է ծնվել, 2017թ. ծնվել էր 37.700 երեխա։ Ծնունդներն ավելի քան 4 հազարով կրճատվել են։
Ծնելիությունը խթանում են, բայց ծնունդները նվազում են։ Ամեն հաջորդ տարի ավելի քիչ երեխա է ծնվում, քան նախորդ տարի։ Դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելուց են խոսում, ո՞ւմ համար են կառուցում, եթե ծնունդներ չլինեն։ Միայն այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանում 702-ով քիչ երեխա է ծնվել, քան ծնվել էր անցած տարի։
Մի կողմից՝ արտագաղթով են դատարկել երկիրը, մյուս կողմից՝ բնակչության բնական հավելաճի կրճատումով։ 2018թ. բնակչության բնական հավելաճը 10.8 հազարից ավելի էր, 2024թ. եղել է ընդամենը 8 հազար։
Այս տարի պատկերը շատ ավելի տխուր է. 2018թ. առաջին եռամսյակում բնակչության բնական հավելաճը 1203 էր, այս տարի ընդամենը 181 է. 6,6 անգամով կրճատվել է։
Ու որ ավելի վատ է, սահմանամերձ բնակավայրերն են դատարկել։ Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը նախկիններին էր մեղադրում սահմանամերձ բնակավայրերը դատարկելու մեջ։ Ասում էր՝ որևէ մեկը հաշվե՞լ է, թե Սյունիքում մինչև 2018թ. քանի հայկական գյուղ է ֆիզիկապես դատարկվել։ Իսկ ինքը հաշվե՞լ է, թե 2018թ. սկսած քանի հայկական գյուղ է դատարկվել սահմանամերձ բնակավայրերում, այդ թվում՝ Սյունիքում։
Պաշտոնական թվերով, վերջին 7 տարիներին սահմանամերձ երեք բնակավայրերից՝ Գեղարքունիքից, Սյունիքից ու Տավուշից, գրեթե 41.000 մարդ է հեռացել։ Դեռ չհաշված, որ Արցախը դատարկելուց հետո այս բնակավայրերում մոտավոր հաշվարկներով 13-14.000 արցախցի է բնակեցվել։
Ու եթե դա էլ հանում ենք, ստացվում է, որ սահմանամերձ բնակավայրերը շատ ավելի մեծ տեմպերով են դատարկել։
Եթե 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ Գեղարքունիքում 229.300 մարդ էր ապրում, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ապրում է ընդամենը 215.700 մարդ՝ 13.600-ով քիչ, քան 7 տարի առաջ։
Սյունիքում շատ ավելի մեծ տեմպերով է կրճատվել բնակչության քանակը։ 7 տարում 21.4 հազար մարդ հեռացել է։
2018թ. այստեղ 138.200 մարդ էր ապրում, հիմա ապրում է 116.800-ը։
Տավուշի բնակչությունն էլ 7 տարում 5.7.000-ով է կրճատվել։
Վերջին տարիներին տասնյակ-հազարավոր քաղաքացիներ լքել են սահմանամերձ բնակավայրերը, իսկ ՔՊ-ականները հպարտանում են, թե սահմանամերձ բնակավայրերի ամրացման աշխատանքներ են կատարում, մատչելի պայմաններով բնակարանների ապահովման ծրագիր են իրականացնում։ Սա է այդ ծրագրերի արդյունքը։
Այս ամենի պատճառն այն է, որ քանդել են երկրի անվտանգության բոլոր համակարգերը, թուլացրել ու բարոյազրկել են բանակը, երկրի սահմաններն անտերության են մատնել։ Մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, լքում են սահմանամերձ բնակավայրերը, հեռանում են երկրից, խուսափում են իրենց ու իրենց երեխաների ապագան կապել մի երկրի հետ, որը ՔՊ-ականների իշխանությունը վերածել է մանրադրամի, հանուն իր իշխանության՝ աջ ու ձախ երկրի տարածքները կտրում, բաժանում է թշնամիներին։
Ահա, թե որն է իրենց բերած «իրական Հայաստանը»։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ