Հերթական վթարը Արագածոտնի մարզում՝ անուշադրության մատնված փոսի պատճառով (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 06:30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով Աշտարակ-Երևան ավտոճանապարհից իրենց մոտ են տեղափոխել 4 հոգի:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 06:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճանապարհի մի մարդաբոյ փոսը շրջանցելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հետո՝ գլխիվայր շրջվելով մոտ 200 մետր, կողաշրջված վիճակում հայտնվել է «Մուլտի Գրուպ» ընկերության պարսպի մոտ, ինչի հետևանքով էլ վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Վթար վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ Գևորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Ռուբեն Հակոբյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավոր անձանց ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևան քաղաքի Նոր Արեշ 35 փողոցի բնակիչ, 18-ամյա Հայկ Մանուկյանի անվամբ անձնագիր: Սակայն դեռևս ճշտվում է՝ ավտոմեքենան վարել է ինքը, թե՞ եղել է որպես ուղևոր՝ ավտոմեքենանյում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի