Բաժիններ՝

«Տպավորություն էր, որ պիեսը հենց մեր հասարակության համար է գրված». «Ինչպես չամուսնանալ» պիեսը՝ Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը համալրվել է նոր՝ «Ինչպես չամուսնանալ» ներկայացմամբ։ Էքսցենտրիկ կատակերգության հեղինակը Միխայիլ Հեյֆեցն է, բեմադրիչը՝ Գոհար Փոքրիկյանը։

Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ օրերս՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում։

Սա ներկայացում է մոր և դստեր անվերջ պայքարի, այդ պայքարի ճանապարհին ծնվող հնարամտության մասին։ Ի՜նչ խորամանկությունների միայն չի դիմի մայրը, որ դուստրը վերջապես ամուսնանա։ Բայց դուստրը նույնպես հետ չի մնում և պատրաստ է ամեն ինչի՝ իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։

Կարդացեք նաև

Մայր ու դուստր համառորեն պայքարելով իրենց նպատակների համար, բայց յուրաքանչյուր քայլով միայն ավելի են խճճում իրավիճակը։ Իսկ այն շտկելու ամեն փորձ հանգեցնում է նրան, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, որի արդյունքում մայր և դուստր գալիս են այն եզրահանգման, որ չպետք է շտապողականություն ցուցաբերել ամուսնության և ամուսին ընտրելու հարցում։

168.am հետ զրույցում Գոհար Փոքրիկյանն ասաց, որ պիեսի հեղինակին՝ Միխայիլ Հեյֆեցին, պատահական չի ընտրել, այն իր համար հետաքրքիր հեղինակ է, որի ստեղծագործություններին առանձնակի ուշադրություն է դարձնում։

«Նրա պիեսներից ինչ-որ հետաքրքիր բան էի փնտրում՝ բեմադրելու համար, գտա, և այնպես եղավ, որ առաջարկը Հ. Պարոնյանի անվան թատրոնի կողմից ընդունվեց։ Դերասանական կազմն էլ ըստ պիեսի ընտրեցինք թատրոնից ու սկսեցինք աշխատել։ Պիեսը շատ քիչ ենք փոփոխությունների ենթարկել, ոչ թե հայաֆիկացրել ենք, այլ ավելի համընդհանուր ենք դարձրել։

Թեման այնպիսին էր, որ արդեն իսկ հայաֆիկացված էր, այսինքն՝ սա սերունդների բախում է, ամուսնանալու ու չամուսնանալու անվերջ խոսակցությունները, տպավորություն էր, որ պիեսը հենց մեր հասարակության համար է գրված»,- նշեց Գոհար Փոքրիկյանը։

Նրա խոսքով՝ պիեսում լուծումը պետք է լիներ այն, որ մոր ցանկությամբ վերջապես հայտնվեր դստեր փեսացուն, և աղջիկն ամուսնանար։

«Բայց պիեսն այնպես է գրված, որ այս պայքարն անընդհատ շրջապտույտի մեջ է թողնում, և իրականում այդպես էլ կա։ Սրանով նաև ցույց տվեցինք, թե ինչ բարդ իրադրության մեջ է հայտնվում մայրը կամ դուստրը, երբ փորձում են որևէ բան ստիպել, նաև այն մասին էր, որ երեխաներն էլ պետք է հասկանալով մոտենան ծնողների այս կամ այն պահանջին, այսինքն՝ ընտանիքում համերաշխություն լինելու համար, պետք է փոխզիջումներ լինեն և՛ զավակների, և՛ ծնողների կողմից»,- հավելեց ներկայացման բեմադրիչը։

Միխայիլ Հեյֆեցի պիեսը թարգմանել է Կարո Վարդանյանը, Նկարիչն Աննա Գրիգորյանն է, դերերում՝ Լարիսա Ղևոնդյանն ու Հասմիկ Մխիթարյանը։

Տեսանյութեր

Լրահոս