
Չեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում. Մխիթարյանը` «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ առաջին խաղին «VAR»-ի կողմից իր չեղարկված գոլին:
«Խելահեղ հանդիպում ստացվեց: Դժվար էր գործողությունների առումով, սակայն հրաշալի` դիտելու համար:
«Ինտեր»-ն արեց ամեն հնարավոր բան, բայց նաև այն կարծիքն եմ, որ կարող էինք ավելի լավ խաղալ։ «Բարսելոնա»-ն, որը հրաշալի էր վերահսկում գնդակի տեղաշարժը, մեծ ճնշում գործադրեց մեզ վրա»,-խաղից հետո ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը խոսել է նաև «VAR» համակարգի կողմից իր խփած գնդակի չեղարկմանն՝ ընդգծելով, որ զայրացած է նման որոշման պատճառով:
«Չեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում: Հպարտ եմ իմ թիմակիցներով: Նրանք հրաշալի խաղ ցուցադրեցին։ Սա ֆուտբոլ է և մենք լիահույս ենք, որ չենք կրկնելու այս սխալները տանը` «Սան Սիրո»-ում»,-ասել է նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտեր»-ը Կատալոնիայում հյուրընկալվել էր «Բարսելոնա»-ին: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 3:3 հաշվով:
Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ, սակայն մրցավարները չեղարկել էին այն: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: