
Ռուսաստանին մտահոգե՞լ են Երևան-Բաքու-Թբիլիսի շփումները․ ինչո՞ւ է Գալուզինը զանգահարել Ռուբինյանին

Օրերս ռեգիոնալ հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ․ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպեցին Թբիլիսիում։ Տարածված համատեղ հայտարարության համաձայն, հանդիպումը եղել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարների նախաձեռնությամբ։
«Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը:
Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով»,- ասված էր հաղորդագրությունում՝ ընդգծելով, որ հանդիպման ավարտին զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:
Սրան զուգահեռ՝ մեկ այլ ուշագրավ մամլո հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և հայ- թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցը։
Սա, ըստ էության, հաջորդել է Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումին, որտեղ էլ թերևս պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել եռակողմ հանդիպում փոխնախարարների միջև, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարը շփումներ ունեցավ Թուրքիայի և ԱԳ նախարարների հետ առանձին-առանձին, սակայն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ որևէ հաղորդագրություն այդպես էլ չեղավ այն դեպքում, երբ Սերգեյ Լավրովը ևս մասնակցում էր ֆորումին։ Գալուզին-Ռուբինյան հեռախոսազրույցի մասին ավելի բովանդակային հաղորդագրություն է տարածել ռուսական կողմը՝ նշելով, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում համագործակցությունը։
ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ, ռուսական կողմը հաստատել է՝ պատրաստ է շարունակել «նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելուն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար»։ Հաղորդագրության համաձայն՝ Ռուբինյանն իր հերթին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
Հայաստանի Ազգային ժողովի լրատվականը հեռախոսազրույցի մասին հակիրճ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ քննարկվել են «ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր»:
168.am-ի հետ զրույցում ՝անդրադառնալով ռեգիոնալ՝ եռակողմ շփումներ ձևավորելու փորձերին, վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Վրաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը վերջերս հաճախ են առաջարկել նպաստել ռեգիոնալ համագործակցության հաստատմանը, հաշվի առնելով Վրաստանի հարաբերությունները թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ։
Ըստ նրա, ընդհանուր առմամբ որևէ երկիր Հարավային Կովկասում այս համագործակցությանը դեմ չէ։ Սակայն, Գոգոլաշվիլիի խոսքով, հասկանալի է նաև այն, որ երբ չկա դեռ վերջնական կարգավորում, ապա այս համագործակցությունը հաստատելու փորձերը չեն կարող լիարժեք հաջողություն ունենալ։
«Կարծում եմ՝ հույսը նաև այն է, որ նման հարթակներն իրենք շատ հարցերում կնպաստեն Երևան-Բաքու կոնսենսուսների ձեռքբերմանը։ Բացի այդ, Թբիլիսիի շահագրգռությունը վերաբերում է ոչ միայն տարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային օրակարգերին։ Դեռ լիարժեք չի գործում ռեգիոնալ հնգակողմ հարթակը, որն անվանում են «3+3», որին Վրաստանը չի մասնակցում Ռուսաստանի մասնակցության պատճառով, սակայն Վրաստանը չի պատրաստվում նաև դուրս մնալ ռեգիոնալ համագործակցությունից և փորձում է այս ուղղությունը խորացնել։
Հաշվի առնելով Վրաստանի արևմտյան կողմնորոշումը, սրանում կարելի է արևմտյան հետաքրքրություն ևս տեսնել ռեգիոնի նկատմամբ, հատկապես, երբ ռեգիոնալ համագործակցության մյուս ձևաչափը փորձում է ակտիվորեն համակարգել նաև Ռուսաստանը՝ ձգտելով Վրաստանին ևս ներքաշել համագործակցության և ազդեցության այդ դաշտ։ Հակամարտության պատճառով ռեգիոնալ համագործակցություն իրական իմաստով տեղի չի ունեցել, եղել են ռեգիոնալ ֆրագմենտացված համագործակցություններ, ուստի նման ձևաչափերի ձևավորումը կարևոր է»,- նման տեսակետ հայտնեց Գոգոլաշվիլին՝ հավելելով, որ ռեգիոնալ իրական համագործակցություն կձևավորվի միայն Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից հետո։
Նա գտնում է, որ Ռուսաստանը վստահաբար որոշակի վերաբերմունք ունի ՌԴ ազդեցությունից դուրս համագործակցությունների հանդեպ, և Ռուսաստանի համար առանձին ռեգիոնալ հանդիպումը դրական զարգացում չէ։ Այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում ՌԴ ազդեցությունից դուրս, մտահոգում է ռուսական կողմին։ Նման թեմաներից մեկն էլ, նրա կարծիքով, հայ-թուրքական բանակցություններն են։ «Ուստի ՌԴ փոխարտգործնախարարը հայկական կողմի հետ քննարկել է ռեգիոնալ համագործակցությունն ու հնգակողմ ձևաչափը, և կարծում եմ՝ պետք է որ ուղերձներ լինեն այն մասին, որ Վրաստանը պետք է միանա, մասնակցի այդ ձևաչափի շրջանակում տեղի ունեցող հանդիպումներին։ Չի բացառվում, որ ՌԴ-ն նպատակ ունենա և փորձ անի այս եռակողմ համագործակցությունը տեղափոխել ավելի լայն հարթակ։
Օրերս նույն ռուս պաշտոնյան Վրաստանի վերաբերյալ հայտարարություններ էր արել՝ նշելով, թե ՌԴ-ն պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների հաստատմանը։ Հարավային Կովկասում ՌԴ-ի նպատակներից մեկը Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելն է և հետագա ազդեցության հաստատման հարցերը»,- ասաց Գոգոլաշվիլին։