
Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե՞ այն կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման նախերգանք․ պարզաբանում է քաղաքագետը

«Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ՝ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է՝ քրեական գործերով պայմանավորված։ Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե՞ ոչ, տա Աստված, որ սխալված լինեմ»,- սա «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից մի հատված էր։
Այս հայտարարությամբ նախօրեին Մարտուն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ ապահովելու է անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։
Արդյո՞ք իշխանությունները Գյումրիում կգնան Վանաձորի սցենարով՝ բարձրացված հարցի պատասխանը, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, պայմանավորված է իշխանությունների որդեգրած մարտավարությամբ։
«Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե որքանով են իշխանությունները շտապողական իրենց ծրագրերի իրականացման գործում։ Պարզ է, որ այս ընտրությունները թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության մի հատվածի մոտ ընկալվում են՝ որպես 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների պատրաստման փուլ, և մտածում եմ՝ եթե իշխանությունները փորձեն երկարաժամկետ խաղալ, չեմ բացառում, որ նրանք ճիշտ հակառակը՝ հնարավորություն ստեղծեն Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ դառնալու համար՝ վստահ լինելով, որ ի դեմս նրա՝ կստանան PR-վելու լավ գործոն։ Այսինքն՝ հակադրության տեսանկյունից, որպեսզի ասեն՝ տեսե՛ք, մեր թեկնածուն այսպիսինն է, իրենցը՝ Վարդան Ղուկասյանը, ու դրա վրա PR կառուցելով՝ մյուս ընտրություններին ձայներ հավաքեն»,- 168.am-ի հետ մանրամասնեց քաղաքագետը։
Հակառակ պարագայում, ըստ նրա, եթե այդ երկարաժամկետ ծրագիրը չլինի ու Գյումրիում ոչ ՔՊ-ական քաղաքապետը հեղինակության տեսակետից խնդրահարույց լինի, Գյումրին ՔՊ վերահսկողության տակ պահելու համար իրենք գնալու են այլ ճանապարհով։
«Հաշվի առնելով նաև, որ բազում քրեական գործեր կան, այս անգամ Գյումրիում են իրականացնելու «Վանաձոր երկու» գործողություն»,- նկատեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմության մեջ գտնվող ինչ-ինչ շրջանակներ թիրախավորում ընդդիմադիր գործիչ Մարտուն Գրիգորյանին, ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց․
«Իրենք մտածում են՝ իրենք իրենց ջրաղացին են ջուր լցնում, ու նույնիսկ Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկման պրոցեսն այս տարրական խնդիրը լուծելու հարցը փորձեցին վերածել քաղաքական կապիտալ հավաքելու, այլ ընդդիմախոսներին չեզոքացնելու, նրանց վարկաբեկելու պրոցեսի։ Ընդ որում, դա անում էին՝ լավ իմանալով, որ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն իշխանություն չի ունենա քաղաքում․ նման հայտարարության պարագայում արշավ սկսել նրա դեմ՝ քաղաքականապես, բարոյապես, մեղմ ասած, ճիշտ չէր։
Այս մարդիկ, իհարկե, հետ չեն կանգնելու իրենց խոսքերից, հիմա էլ իրենց փորձում են արդարացնել, թե իրենց ճնշման արդյունքում նման որոշում կայացրեց Մարտուն Գրիգորյանը։ Ցավոք սրտի, ընդդիմության այդ հատվածը, որն ազնիվ աշխատելու պարագայում կարող էր լավ պոտենցիալ ունենալ ու օգտակար լինել՝ դավաճան իշխանությանը հեռացնելու համար, ինքն իրեն այս պահին խայտառակում է՝ էժան քաղաքական հնարքներ գործադրելով, նաև իրենց անվստահելի դարձնում թե՛ հանրության աչքերին, թե ընդդիմության մյուս ճյուղերի»։
Ո՞ր դեպքում Գյումրին կդառնա համապետական ազդեցություն ունեցող գործընթաց, թե՞ դա արդեն պետք բացառել՝ հաշվի առնելով առկա ոչ միանշանակ իրավիճակը՝ հստակեցրինք Հրանտ Մելիք-Շահնազարյանից։
Նա, ի պատասխան, նշեց․ «Եթե վերանանք անձերից, ապա փաստն այն է, որ Գյումրու բնակիչները հստակ վերաբերմունք ցույց տվեցին ՔՊ-ի, իշխանության, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հանդեպ։ Սա իրականում մեծ հաղթանակ էր, առաջին անգամը չէր, իհարկե, նման արդյունքը, ինչն արդեն նշանակում է քաղաքական գործոն։ Վերջինս նաև խոսում է հանրային տրամադրությունների լրջության մասին և այն հնարավորության մասին, որ ճիշտ աշխատելու պարագայում՝ հանրությունը պատրաստ է քայլերի, որպեսզի ազատվի այս իշխանություններից։
Մնում է՝ ՏԻՄ ընտրության արդյունքները քաղաքական տեսակետից ճիշտ կապիտալիզացվեն։ Մինչդեռ, դրա փոխարեն, ընդդիմությունը ներքաշվեց ներքին գզվռտոցի մեջ (ընդդիմության մի թևը նախաձեռնեց, մյուսը ստիպված էր արձագանքել)։ Կարծում եմ՝ եթե փորձեն տարաձայնություններից վեր գտնվել, ապա Գյումրին կարո՛ղ է, և պե՛տք է դառնա, հուսո՛վ եմ՝ կդառնա Նիկոլի իշխանության հեռացման նախերգանքը»։