Վրաստանի ԱԳ նախարարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատումը չափազանց կարևոր է համարում Հարավային Կովկասի համար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հիմնական գործոններն են ողջ տարածաշրջանի կայունության համար, և Թբիլիսին ուրախ է, որ Երևանն ու Բաքուն գտել են խաղաղության ուղին։ Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է Նյու Դելիում կայացած «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում։ 

Մակա Բոչորիշվիլին ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ Հարավային Կովկասի համար։ 

«Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ուղին, ինչը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար»,-նշել է վրացի նախարարը։  

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  

Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

Տեսանյութեր

Լրահոս