Իրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է բերել մեր երկրի անվտանգային միջավայրի վրա․ Տիգրան Աբրահամյան

Իրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է բերել մեր երկրի անվտանգային միջավայրի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի քաղաքական հավակնություններին և քարոզչական մարտերին զուգահեռ բավականին վտանգավոր ազդակներ են գալիս Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ:

Կարծում եմ, որ իմաստ չկա երկար խոսելու այն մասին, թե ինչ սպառնալիքներ իր հետ կարող է բերել մեր հարավային հարևանի նկատմամբ հնարավոր ագրեսիան:

Բացի նրանից, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է և Հայաստանի հետ բազմաթիվ թելերով է կապված, այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է բերել մեր երկրի անվտանգային միջավայրի վրա:

Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ նաև տարբեր կերպ առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին և իրադրությունը հատկապես այս փուլում անչափ զգայուն է ու վտանգավոր:

ԱՄՆ-ից հնչող կոշտ բառամթերքն ու դրան ի պատասխան, Իրանից հնչող սուր արձագանքը, համենայդեպս, այս փուլում իրադրային լիցքաթափում չեն ենթադրում:

Ստեղծված իրավիճակում, թե ինչ ծառայություններ են առաջարկում Թուրքիան ու Ադրբեջանը և ինչ գին են պահանջում հակաիրանյան ճակատին իրենց` այս կամ այն չափով մասնակցությունն ապահովելու համար, կերևա որոշ ժամանակ հետո»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս