Բաժիններ՝

ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը Կանադային դրդել է այլընտրանք փնտրել F-35 կործանիչներին. լրատվամիջոց

Ամերիկյան F-35 կործանիչներին այլընտրանք փնտրելու մասին Պորտուգալիայից հետո հայտարարել է նաև Կանադան: Այդ ուղղությամբ ակտիվ ջանքերի մասին հայտնել է կանադական CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Բիլ Բլեյրին։ 

«Դա կործանիչ է, որը մեր ռազմաօդային ուժերը համարում էին անհրաժեշտ, սակայն ուսումնասիրում ենք նաև այլ տարբերակներ, փորձում հասկանալ, թե որքանով է նպատակահարմար, որպեսզի բոլոր կործանիչները լինեն F-35: Վարչապետն ինձ խնդրել է ուսումնասիրել այդ հարցերը և խորհրդակցել այլ աղբյուրների հետ, առաջին հերթին նրանց, որոնք կարող են կործանիչները Կանադայում պատրաստելու հնարավորություններ ընձեռել»,- Բլեյրի խոսքերը փոխանցել է հեռուստաալիքը:

Կանադական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրի քաղաքացիները կառավարությանը կոչ են անում խզել նշված կործանիչների գնման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած 19 միլիարդ դոլարի պայմանագիրը:

Կանադան արդեն վճարել է 16 կործանիչների համար, որոնք նախատեսում է ստանալ 2026 թվականի սկզբին։ Բլեյրը նշել է, որ Կանադան, հավանաբար, կընդունի այդ ինքնաթիռները, սակայն հետագայում կապավինի եվրոպացի արտադրողների հետ համագործակցությանը:

Երկիրը, հնարավոր է, ձեռք բերի շվեդական Saab Gripen կործանիչներ, քանի որ արտադրողները խոստացել են դրանք հավաքել և սպասարկել Կանադայում: Մինչդեռ, ամերիկյան ինքնաթիռների սպասարկումն իրականացվում է ԱՄՆ-ում։

Առայժմ պարզ չէ նաև, թե Կանադայի վրա որքան կնստի ամերիկյան կործանիչների գնման պայմանագրից հրաժարվելը։

Բլեյրը 2024 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ կանադական օդուժը շուտով կհամալրվի նոր F-35-երով, պարեկային ինքնաթիռներով և ռազմանավերով։ Ըստ նրա՝ դա Ավստրալիայի հետ համատեղ օգտագործման հարթակ է լինելու:

Միացյալ Նահանգները մարտի 12-ից սկսել է 25% մաքսատուրք գանձել պողպատի և ալյումինի ներմուծման բոլոր գործարքներից: Այս որոշումը որևէ բացառություն չի նախատեսում առանձին երկրների համար, իսկ սահմանափակումների ներքո հայտնված ապրանքների ցանկը զգալիորեն ընդլայնվել է:

Մաքսատուրքեր են սահմանվելու ոչ միայն բուն մետաղների մատակարարումների, այլև մի շարք ապրանքների բաղադրիչների ներմուծման համար, ներառյալ սառնարանները, գազօջախները, հեռախոսները և ավտոմեքենաները:

Ընդ որում, ԱՄՆ-ը ցանկանում էր Կանադայից ներմուծման մաքսատուրքերը հասցնել 50 տոկոսի, սակայն այդ որոշման ընդունումը հետաձգվել է։Պողպատի և ալյումինի արտադրանքի նկատմամբ ամերիկյան նոր մաքսատուրքերի հարցով Կանադան մարտի 13-ին խորհրդատվության համար դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս