
Պարո՛ն փաստաբան, Դուք Սահմանադրության տեքստը կարդացե՞լ եք… Սահմանադրության տեքստի վրա աշխատելիս չգիտեի՝ ինչ-որ Փաշինյանի իշխանության եմ բերում. Վարդան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էր։
Ի թիվս այլ հարցերի՝ վերջինս անդրադարձավ նաև «Ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս բերեց Նիկոլին» ներքաղաքական հակասության պատճառ դաձած թեզի՝ օրերս մի փաստաբան-իրավաբանի կողմից Սահմանադրության վերաբերյալ արված «պնդումներին»:
Մասնավորապես՝ 2005թ. Սահմանադրության փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանի համակիր փաստաբանը ներկայացնում է՝ որպես նոր Սահմանադրություն, և հետևություն անում, որ Ռ. Քոչարյանը 2008 թ. նորից առաջադրվելու իրավունք ուներ:
«Նախագահների շրջապատում մարդիկ կան, ովքեր ներքաղաքական գզվռտոցի վրա փորձում են միավորներ հավաքել։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ իրավաբանն անում է պնդումներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությունն իսկապես լավ Սահմանադրություն էր՝ համեմատած 1995թ.-ի հետ, բայց պնդել, որ դա նոր Սահմանադրություն է, որևէ քննադատության չի դիմանում։ Դա սահմանադրական փոփոխությունների նախագիծ էր։ Հետևաբար՝ այդ տեքստում որևէ փոփոխության չի ենթարկվել այն դրույթները՝ ինչ կարելի է անել Հանրապետության նախագահին և ինչ չի կարելի։ Հետևաբար՝ 2–րդ նախագահը 3–րդ անգամ առաջադրվելու որևէ հնարավորություն չուներ»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ 2005թ. հանրաքվեի է ներկայացվել ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Սահմանադրության փոփոխություններն ընդունվել են 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով: Նոր սահմանադրություն կամ նույնիսկ նոր խմբագրությամբ Սահմանադրություն չի՛ ընդունվել: 1995թ. Սահմանադրության 50-րդ հոդվածով Հանրապետության նախագահի համար սահմանված երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվելու արգելքը 2005թ. որևէ փոփոխության չի՛ ենթարկվել: Ուստի, Ռ. Քոչարյանի կողմից 2008թ. նախագահական ընտրություններում նորից առաջադրվելը կխախտեր Սահմանադրության 50-րդ հոդվածը:
«Գոնե այդ իրավաբան ներկայացող անձը պետք է իմանար, դա սահմանադրական փոփոխությունների նախագիծ էր։ Այսինքն՝ այդ տեքստում որևէ փոփոխության չեն ենթարկվել այն դրույթները՝ ինչ կարելի է անել Հանրապետության նախագահին և ինչ չի կարելի։ Հետևաբար՝ ՀՀ երկրորդ նախագահը 3-րդ անգամ նախագահ առաջադրվելու որևէ հնարավորություն չուներ»,- ասաց սահմանադրագետը:
«Շատ զավեշտալի հայտարարություններ են արվում: Մեկ ասում էին, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունները կարվել են Սերժ Սարգսյանի հագով, հիմա էլ ասում են, թե այդ Սահմանադրական փոփոխություններն արվել են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար… Այսինքն՝ ես Սահմանադրության տեքստի վրա աշխատելիս պիտի մտածեի, որ դա անում եմ, որ ինչ-որ Նիկոլ Փաշինյան գա իշխանությա՞ն… անհեթեթությունների ժանրից է։ Հարգելի պարոն փաստաբան, դուք Սահմանադրության նախորդ տեքստը կարդացե՞լ եք, որտե՞ղ եք տեսել, որ Նախագահը, վարչապետը կամ պատգամավորը պետք է անպայման բարձրագույն կրթություն ունենան։ Երբ ասվում է, որ դրույթը դիտավորյալ հանվել է, որ Փաշինյանը դառնա վարչապետ, կարող եմ ասել՝ բրավո, փաստաբան, հեղափոխական մոտեցում է։
Ո՛չ 1995թ.-ին, ո՛չ 2005թ.-ին, ո՛չ 2015թ.-ին Սահմանադրության մեջ պատգամավորի համար բարձրագույն կրթության պահանջ չի՛ եղել։ Ռոբերտ Քոչարյանի համակիր փաստաբանը պնդում է, որ մինչև 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության ընդունումը պատգամավորի և վարչապետի համար նախատեսված է եղել բարձրագույն կրթություն ունենալու պահանջ»,- նկատեց Վարդան Պողոսյանը:
Հիմա՝ ավելի մանրամասն:
- Ընդդիմության միջև բախումների մասին. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների շրջապատում մարդիկ կան, ովքեր ներքաղաքական գզվռտոցի վրա փորձում են միավորներ հավաքել։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՀՀ երկրորդ նախագահի համակիր փաստաբանն անում է պնդումներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։
- 2005թ. սահմանադրության փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանի համակիր փաստաբանը ներկայացնում է՝ որպես նոր Սահմանադրություն, և հետևություն անում, որ Ռ. Քոչարյանը 2008 թ. նորից առաջադրվելու իրավունք ուներ:
2005թ. հանրաքվեի է ներկայացվել ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Սահմանադրության փոփոխություններն ընդունվել են 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով: Նոր սահմանադրություն կամ նույնիսկ նոր խմբագրությամբ Սահմանադրություն չի՛ ընդունվել: 1995թ. Սահմանադրության 50-րդ հոդվածով Հանրապետության նախագահի համար սահմանված երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվելու արգելքը 2005թ. որևէ փոփոխության չի՛ ենթարկվել: Ուստի, Ռ. Քոչարյանի կողմից 2008թ. նախագահական ընտրություններում նորից առաջադրվելը կխախտեր Սահմանադրության 50-րդ հոդվածը:
Գոնե այդ իրավաբան ներկայացող անձը պետք է իմանար, դա սահմանադրական փոփոխությունների նախագիծ էր։ Այսինքն՝ այդ տեքստում որևէ փոփոխության չեն ենթարկվել այն դրույթները՝ ինչ կարելի է անել Հանրապետության նախագահին և ինչ չի կարելի։ Հետևաբար՝ ՀՀ երկրորդ նախագահը 3-րդ անգամ նախագահ առաջադրվելու որևէ հնարավորություն չուներ։
- Շատ զավեշտալի հայտարարություններ են արվում: Մեկ ասում էին, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունները կարվել են Սերժ Սարգսյանի հագով, հիմա էլ ասում են, թե այդ Սահմանադրական փոփոխություններն արվել են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար… այսինքն՝ ես Սահմանադրության տեքստի վրա աշխատելիս պիտի մտածեի, որ դա անում եմ, որ ինչ-որ Նիկոլ Փաշինյան գա իշխանությա՞ն… անհեթեթությունների ժանրից է։ Հարգելի պարոն փաստաբան, դուք Սահմանադրության նախորդ տեքստը կարդացե՞լ եք, որտե՞ղ եք տեսել, որ Նախագահը, վարչապետը կամ պատգամավորը պետք է անպայման բարձրագույն կրթություն ունենան։ Երբ ասվում է, որ դրույթը դիտավորյալ հանվել է, որ Փաշինյանը դառնա վարչապետ, կարող եմ ասել՝ բրավո, փաստաբան, հեղափոխական մոտեցում է։
- Ո՛չ 1995թ.-ին, ո՛չ 2005թ.-ին, ո՛չ 2015թ.-ին Սահմանադրության մեջ պատգամավորի համար բարձրագույն կրթության պահանջ չի՛ եղել։ Ռոբերտ Քոչարյանի համակիր փաստաբանը պնդում է, որ մինչև 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության ընդունումը պատգամավորի և վարչապետի համար նախատեսված է եղել բարձրագույն կրթություն ունենալու պահանջ:
Կրկնում եմ՝ նման պահանջ ընդհանրապես չի՛ եղել ոչ 1995թ. ընդունված Սահմանադրության սկզբնական տեքստում, և ոչ էլ 2005թ. Սահմանադրության փոփոխություններում: Դրանցում սահմանվել են միայն պատգամավորների անհամատեղելիության պահանջները:
1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստը և 2005թ. սահմանադրության փոփոխությունները բարձրագույն կրթության պահանջ չեն սահմանել նաև Ազգային ժողովի պատգամավորների համար:
Ըստ 1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստի 64-րդ հոդվածի՝ «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
2005թ. այս դրույթը որևէ փոփոխության չի ենթարկվել: Պատգամավորին ներկայացվող ներկայումս գործող պահանջները սահմանված են Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Ընտրական իրավունքին վերաբերող 1995 և 2005 թթ. սահմանադրական կարգավորումները ևս պատգամավորի համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չեն պարունակել: Ընտրական իրավունքը, ներառյալ՝ ընտրվելու իրավունքը, 1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստում կարգավորվել է 27-րդ հոդվածով: Ըստ 27-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները»: 2005թ. փոփոխված Սահմանադրության 30-րդ հոդված 3-րդ մասն ամբողջությամբ վերարտադրել է 1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստի 27-րդ հոդվածի 2-րդ մասը:
1995թ. ընդունված Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանել է, որ «Կառավարության անդամը չի կարող լինել որևէ ներկայացուցչական մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք»: 2005 թ. այդ հոդվածում փոփոխություներ են կատարվել, բայց դրանք չեն սահմանել բարձրագույն կրթություն ունենալու պահանջ: Ըստ 88-րդ հոդվածի՝ «Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Կառավարության անդամին ներկայացվող պահանջները սահմանվել են 2015թ. նոր խմբագրությամբ Սահմանադրությունում: Ըստ Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»:
- Սահմանադրությունը նախարարի համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի պարունակում: Սխալ է նաև այդ փաստաբանի այն պնդումը, ըստ որի՝ գործող Սահմանադրությունը նախարարի համար պարունակում է բարձրագույն կրթություն ունենալու պահանջ, բայց վարչապետի համար` ոչ: Կառավարության անդամ են հանդիսանում վարչապետը, փոխվարչապետները և նախարարները (Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մաս, հոդված 152):
- Բարձրագույն կրթության պահանջ պատգամավորի, վարչապետի, նախարարի կամ Հանրապետության նախագահի համար Հայաստանի օրենսդրությունը երբևէ չի ունեցել:
Հարկ է նաև նկատել, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև մինչ այդ` ՀԽՍՀ-ում, բարձրագույն կրթության պահանջ պատգամավորի, վարչապետի, նախարարի կամ Հանրապետության նախագահի համար երբևէ սահմանված չի եղել ոչ սահմանադրական, և ոչ էլ օրենսդրական մակարդակներում:
Մանրամասները՝ տեսանյութում: