Բաժիններ՝

Վարչական դատարանը մերժեց «Բարև Երևանի» հայցը

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է  «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ավագանու անդամի թեկնածու գրանցված Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ  Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից:

Հայցվորը դիմել էր դատարան ԿԸՀ-ի ապրիլի 23-ի թիվ 92Ա որոշումը փոփոխելու` ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը վերջինիս գործողությունները ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտում հանդիսացող գործողություն ճանաչելու պահանջով:

Ըստ հայցվորի՝ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ բաժանելն ուղղակիորեն ծառայեցվել է նրա օգտին քարոզչությանը՝ հարկատուների գումարների հաշվին:

Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում էր նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:

ԿԸՀ-ն իր ապրիլի 23-ի թիվ 92Ա որոշման մեջ, մասնավորապես, արձանագրել է, որ, ուսումնասիրելով նյութերը, գտնում է, որ միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, այն չի կարող նույնացվել կամ որակվել որպես նախընտրական քարոզչություն: Հանձնաժողովը գտել է, որ անհիմն են դիմումատուի պնդումներն առ այն, որ քաղաքապետարանի ապրիլի 7-ի միջոցառումը ծառայեցվում է որպես քարոզարշավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս