
«PKK-ն պիտի ասի՝ համաձա՞յն է ինքնալուծարման որոշմանը, թե՞ ոչ». թուրք ընդդիմադիր

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարը և Թունջեր Բաքըրհանը Թուրքիայի խորհրդարանում պատասխանել են լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Քուրդիստնաի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչի իրագործման մասով կոնկրետ ակնկալիքների վերաբերյալ հարցին ի պատասխան Բաքըրհանը շեշտել է իրատես լինելու անհրաժեշտությունը:
«Պետք է մի փոքր իրատես լինել։ ՔԲԿ-ն 4 կողմ սփռված կազմակերպություն է և վերջին ժամանակներում ավելի ցրված ու տարածված: Միանգամայն նորմալ է, որ նրանք համագումար անեն և ասեն համաձայն են ինքնալուծարման որոշմանը, թե ոչ, կամ էլ կիսեն դրա հետ կապված իրենց մտքերը»,-ասել է նա:
Հաթիմօղուլլարըն էլ իր հերթին ընդգծել է, որ Օջալանը հստակ անհրաժեշտ է համարել ՔԲԿ-ի շտապ համագումարի անցկացումը և հավելել, որ «ՔԲԿ»-ն երեկ արած հայտարարությամբ ևս փաստեց, որ Օջալանն ասել է դա:
Պաշտոնյան մեջբերել է նաև Օջալանի խոսքերը. «Ես կարող եմ համագումար հրավիրել, սակայն որպեսզի դա արվի, պետք է ինձ համար աշխատանքային պայմաններ ստեղծվեն»:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը իր համակուսակիցներին փետրվարի 27-ին էր կոչ արել վայր դնել զենքերը: