
Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունների ապաշրջափակման համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նա նշել է, թե Հայաստանը «44-օրյա պատերազմից հետո դրական ներդրում չի ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացում և չնայած Հայաստանի հանձնառությանը` ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները, Երևանը դեռևս չի կատարել դրանք»:
«Հայաստանը շեղվում է գործընթացից և իր պարտավորություններից՝ գործնականում դժվար իրագործելի բարդ ուղիներով։ Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին», -հայտարարել է Հաջիզադեն: