Ամենաշատը «Ի գործ» ծրագրին դիմում են ՌԴ-ից. Զարեհ Սինանյան

Ռուսաստանն առաջին տեղում է «Ի գործ» ծրագրին մասնակցելու հայտերի քանակով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Դա զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանում ամենամեծ հայկական սփյուռքներից մեկն է ապրում»,- նշեց նա։

Սինանյանի խոսքով` այս ծրագրով Հայաստան եկած հայրենակիցների 70-80 տոկոսը ցանկանում է մնալ և հաստատվել երկրում։

Խոսելով հայրենադարձության միտումների մասին՝ Սինանյանը նշեց, որ ամենամեծ ակտիվությունը նկատվում էր 2022-2023 թվականներին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Ժամանած հայրենակիցների թվի աճ էր գրանցվել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ճգնաժամերի հետ կապված։

«Ի գործ» ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, մեկնարկի պահից ի վեր ընդգրկել է Սփյուռքի ավելի քան 200 ներկայացուցիչ:

Ծրագիրը ֆինանսավորվում է պետության կողմից և ներառում է՝ ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), ամսական 336 000 դրամի կացության նպաստ (մոտ 1000 դոլար), բժշկական ապահովագրություն և մեկ տարվա բնակության թույլտվություն։

Ծրագրի շրջանակներում սփյուռքից ժամանած մասնագետները մեկամյա պրակտիկա են անցնում Հայաստանի պետական ​​կառույցներում։

Տեսանյութեր

Լրահոս