
Արայիկ Հարությունյանը գերի է. չմեկնաբանեմ. Բակո Սահակյանի կեցվածքը հերոսական էր. Շարմազանով
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ճիշտ չի համարում մեկնաբանել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունները։
«Թույլ տվեք՝ ես չմեկնաբանեմ Բաքվի բանտերում, Բաքվի ռեժիմի կողմից ճմնշումների տակ գտնվող մեր հայրենակիցների նմանատիպ հայտարարությունները, որովհետև ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ, նա Բաքվի բանտում է, գերի»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ մեր ամոթն է, որ նրանք բոլորն այնտեղ են, և մենք պայքարում ենք, որ առանց բացառության հայ գերիներն օր առաջ վերադառնան Հայաստան։
Մյուս կողմից Շարմազանովն իր հիացմունքն է հայտնում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հանդեպ, ով, գտնվելով ադրբեջանակն գերության մեջ, իր ցուցմունքում հստակ նշեց, որ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է, և որևէ պետության դատարան չի կարող իրենց դատել։