
1 տարում՝ աստղաբաշխական 6 դրամաշնորհ ԿԳՄՍՆ-ից՝ իր հոգեզավակ հիմնադրամին

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող «Մշակույթի զարգացման» հիմնադրամին։ Դրամաշնորհի պայմանագրի գինն այս անգամ կազմել է 46 միլիոն 320.000 դրամ՝ 100.000 դոլարից ավելի գումար, որի շրջանակում հիմնադրամը պետք է իրականացնի թանգարանների վերաբրենդավորում, թանգարանների սոցիալական ցանցերի էջերի կառավարում, միջազգային միջոցառումների հայեցակարգերի մշակում, ոլորտային նախաձեռնությունների կազմակերպում և թանգարանային խանութների միասնական տեխնիկական ստանդարտացման մոդելների մշակում։
Հիմնադրամի ստեղծումից ի վեր՝ շուրջ 1 տարում, ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի, այս հիմնադրամին ամենատարբեր միջոցառումների համար ուղղվել է միլիոնավոր դրամների 6 դրամաշնորհ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Շատ չանցած արդեն պետական բյուջեից հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ էին ուղղվել նորաստեղծ հիմնադրամներին։
ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը: Հիմնադրամի նպատակներից է նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումը, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։
Դեռ այդ օրերին մամուլում հրապարակումներ էին եղել, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել՝ նկատելով, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին։
Վերջինը նշանակելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։
168․am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծման պատմությանն ու այդ հիմնադրամին՝ բյուջեից ուղղվող աստղաբաշխական գումարներին։