ԿԳՄՍՆ-ն այս տարի 3-րդ անգամ աստղաբաշխական դրամաշնորհ է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող, տարեսկզբին ստեղծված հիմնադրամին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է հատկացրել սեփական ենթակայության տակ գտնվող «Մշակույթի զարգացման» հիմնադրամին։
Սեպտեմբերի 20-ին կնքված պայմանագրի համաձայն՝ հիմնադրամը 53 միլիոն 184.000 դրամով հոգացել է «Մայր Աստվածություն, Անահիտից՝ Մարիամ» ցուցադրության բացման արարողության կազմակերպման ծախսերը։ Վերջինները, ըստ նախահաշվի, ենթադրել են սպասարկող անձնակազմի վարձատրություն, բեմի լուսային, ձայնային սարքավորումների ապահովում, ապա նաև՝ ապամոնտաժում, գովազդային ծառայություններ և համերգային մասին կազմակերպում։
Ավելի վաղ 168․am-ը տեղեկացրել էր, որ դեռևս օգոստոսին ԿԳՄՍՆ-ն՝ իր ենթակայության տակ գտնվող այս հիմնադրամին հատկացրել էր 15 միլիոն 693.600 դրամ (40.643 դոլար)՝ Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը Հայաստանի պատմության թանգարան և մինչև նոյեմբեր ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու համար։
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ տարվա ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին։ Հերթականը «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծումն էր, որին ևս նմանատիպ դրամաշնորհներ սկսեցին հատկացնել։
Ի դեպ, դարձյալ օգոստոսին ևս մեկ դրամաշնորհ՝ 49 միլիոն դրամ (126.898 դոլար) չափով ուղղվել էր հիմնադրամի գործունեության գործառնական ենթակառուցվածքի ստեղծման ու թանգարաններին առնչվող մի քանի մարքետինգային խնդիրների լուծման համար։
Այս գումարի հիմնական մասը՝ 40 միլիոն դրամը, ըստ պայմանագրի, ուղղվելու էր օգոստոսից մինչև տարեվերջ՝ հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձերին, մյուս մասով էլ իրականացվելու է ծառայությունների և ապրանքների ձեռքբերում։
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»։
Ավելի ուշ արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:
Նշենք՝ այս հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։
Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել։ Նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։