Հանրապետության մի շարք մարզերում ուժեղ քամի է, գետնաբուք. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն, դիտվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ` որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նշվում է, որ քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր:

Գերատեսչությունից վարորդներին հորդորում են այդ մարզերի ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Ճանապարհային դեպարտամենտից էլ հայտնում են, որ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Ապարանի, Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում ու Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին բուք է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Տեսանյութեր

Լրահոս