
«Փաշինյանն անգամ իր տանն աջակցություն չունի, ուր մնաց՝ արտաքին ուժերի». Դավիթ Սիրունյան
Երեկվանից քննարկվում է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, որն արդեն քննադատվում է Եվրոպայում: Վենսը կշտամբել է Եվրոպային խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի համար։ Նա եվրոպացի քաղաքական գործիչներին մեղադրել է սեփական ժողովրդից վախենալու մեջ, զգուշացրել, որ նրանց ժողովրդավարությանը սպառնացող իրական վտանգը Ռուսաստանից կամ Չինաստանից չէ: «Ինձ անհանգստացնում է ներքին սպառնալիքը՝ Եվրոպայի նահանջը իր հիմնարար արժեքներից, որոնք նա կիսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
ՀՀԿ ՈւԿ խորհրդի անդամ Դավիթ Սիրունյանն այն կարծիքին է, որ որոշակի լարում ԱՄՆ նոր ադմինիստրացիայի և Եվրոպայի միջև չէր կարող չլինել, որովհետև, նրա խոսքով՝ սա ԱՄՆ պատմության մեջ երկու տարբեր ադմինիստրացիաների մոտեցումների ամենակտրուկ փոփոխությունն էր:
«Բայդենի ադմինիստրացիան ավելի լիբերալ քաղաքականություն էր վարում, ավելի գլոբալ էր մոտենում հարցերին, ու դրսի խնդիրներն ընկալում էր՝ որպես սեփական խնդիր: Դրանով կարող ենք բացատրել նախորդ ադմինիստրացիայի կողմից Ուկրաինային ուղարկված ավելի մեծ ծավալի օգնություններն ու Եվրոպային ավելի շատ սատարելը, որ աջակցեն Ուկրաինային: Թրամփի ադմինիստրացիան այս ամենի հակապատկերն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ի դեպ, Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Փաշինյանը հանդիպել էր Վենսի հետ, ինչի վերաբերյալ օրերս ԱԺ-ում նշեց, որ թեև ի սկզբանե Սպիտակ տանը հանդիպումներ նախատեսված չեն եղել, բայց Վենսի հետ հանդիպել է, ու այդ հանդիպումը, ըստ Փաշինյանի՝ եղել է «երկարատև, հանգամանալից և արդյունավետ»։
Դավիթ Սիրունյանը նկատեց՝ Վենսը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, սակայն Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հրապարակել. «Միակ մեդիաֆայլը, որն ապացուցում է այդ ամենը, հեռախոսով արված ֆոտոն է, լուսաբանող թիմ չի եղել: Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ իմիջիայլոց են վերաբերվում Փաշինյանին դրսում: Այդ հանդիպումը երկար ժամանակ փորձել են կազմակերպել, դրան աջակցել են աղանդները, որոնց հետ Փաշինյանը հանդիպեց Վաշինգտոնում, արդյունքում ստացվել է առավելագույնը 10 րոպեանոց առանձնազրույց: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը խաբում է»:
Ըստ նրա՝ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ Հայաստանն այսօր որևէ պետության հետ չունի լավ հարաբերություններ. «ՌԴ-ի հետ փոխվստահության ինդեքսը մինիմումի վրա է: Եվրոպայում խանդավառված չեն, որ իբր Հայաստանը գնում է Եվրոպա: Փաշինյանի «իրական Հայաստան»-ը սեղանի տակից բանակցող Հայաստանն է, դա այն Հայաստանն է, որը թրքացման եզրին է, չի արժեվորվում հայկական ոչ մի բան, չունի դիվանագիտական հարաբերություններ որևէ երկրի հետ»:
Նա հավելեց, որ Փաշինյանն անգամ իր տանն աջակցություն չունի, ուր մնաց՝ արտաքին ուժերի:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում