ՊԱՍԵՐՈՎ ԽԱՂ. Հայաստանի գաղափարական ոչնչացումը՝ ըստ Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի, գործողության մեջ

Ադրբեջանի հարցերով փորձագետ, Ազգային ժողովի (ԱԺ) իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է ադրբեջանական վերլուծական մի հաղորդումից հատված, որում հստակ երևում է՝ ինչու է Ադրբեջանը Հայաստանին կոնկրետ պահանջներ ներկայացնում, և ինչու են դրանք՝ որպես հետևանք, կատարվում անմիջապես:

«Հաղթանակը միայն հակառակորդի բանակի ոչնչացումն ու նրա բարոյալքված հասարակությունը չէ: Դա նույնիսկ ոչ միշտ է նշանակում ադմինիստրատիվ լծակների նվաճում: Դա գաղափարական գերակայության հաստատումն է:

Հենց այդ պատճառով է, ինչպես ընկեր Լենինն էր ասում, գերկարևոր ոչ միայն Հայաստանին պարտադրել իր Սահմանադրության մեջ մեզ անհրաժեշտ փոփոխություններ մտցնելը, այլև այնպես անել, որ այնպիսի բառեր, ինչպիսիք են «Արևմտյան Հայաստան, Արցախ, միացում, Ստեփանակերտ», նրանց եթե ոչ ֆիզիկական ցավ պատճառեն, գոնե ընդունելի չլինեն իրենց համար, ու նրանք ապաշխարեն այդ բառերն արտաբերելու համար:

Գերմանացիներին 2-րդ համաշխարհային պատերազմից հետո բացարձակ արդարացիորեն շատ բան արգելեցին: Պետք է օրինակ վերցնել հակահիտլերյան կոալիցիայի լավագույն ներկայացուցիչներից՝ ստիպել ուրիշներին մտածել այնպես, ինչպես քեզ է պետք: Դա բարդ, բայց անհրաժեշտ հմտության դեպքում անհնարին խնդիր չէ»,- իր «Неудобная правда» հաղորդաշարի ընթացքում ասում է վերլուծաբան Սամիթ Ալիևը:

Կարդացեք նաև

Տաթևիկ Հայրապետյանը նկատում է՝ այս հատվածում հստակ բացատրվում է, թե ինչով են զբաղված Փաշինյանն ու նրա թիմը՝ դա Հայաստանի գաղափարական ոչնչացումն է։

«Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան, որը բարձրաձայնում է ամենաանհեթեթ թվացող, բայց կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով Հայաստանը գաղափարապես ոչնչացնող, մեր ինքնության հիմնասյուները քայքայող թեզեր։ Ամեն անգամ մենք նորովի ենք զարմանում, նորովի նյարդայնանում նոր անհեթեթ հայտարարությունից հետո, մինչդեռ դա արդեն քաջ հայտնի ձայնասկավառակն է, ուղղակի նորից են պտտեցնում։

Ուշագրավն այն է, որ հենց մեր հանրային արձագանքից է կախված որքան հանդուգն Փաշինյանն ու նրա թիմը առաջ կբրդեն հակառակորդի թելադրած այս կամ այն թեզը։ Եթե արձագանքը դաժան եղավ, որոշ ժամանակ կլռեն, եթե մի քիչ հանդուրժողականություն զգացին, ակտիվորեն կշարունակեն։ Մենք, իհարկե, կազատվենք այս իշխանությունից, հուսամ, ոչ շատ հեռու ապագայում, բայց նրանց տված վնասն ահռելի է, անպատկերացնելի, դա հաղթահարելու համար անսպառ աշխատել է պետք՝ հստակ ու կազմակերպված»,- գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Հ.Գ. Ի դեպ, սա թող իմանան Սփյուռքի այն բոլոր համայնքների հայերը, որոնք հանդիպում են Արցախը և Հայաստանը հանձնող, Հայոց ցեղասպանությունն ուրացող Փաշինյանի հետ և հարցեր են նրան ուղղում, իսկ նա էլ նրանցից աջակցություն է ուզում իր «Իրական Հայաստան» ադրբեջանա-թուրքական գաղափարախոսությունն առաջ մղելու համար:

Տեսանյութեր

Լրահոս