Սեյրան Օհանյանը հանդիպել է Վյաչեսլավ Կովալենկոյի հետ

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված մի շարք, այդ թվում` պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը:

Seyran Ohanyan

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար` ելնելով երկարաժամկետ հեռանկարից:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին դեսպան Կովալենկոն հավաստիացրեց, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս