Փաշինյանը քաղաքական բանկրոտ է. ԱՄՆ-ից մեսիջ ուղարկվեց հայ հանրությանը. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանություններն իրենց փրկությունը Հայաստանի սահմաններից դուրս են փնտրում, քանի որ հայկական օրակարգ չեն սպասարկում և հայկականի հետ որևէ կապ չունեն:
«Ցավոք, որպես փաստ դա պետք է արձանագրենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի և իր իշխող մեծամասնության կողմից արդեն 7 տարի ականատես ենք լինում ոչ հայանպաստ քայլերի և զարգացումների: Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքական խաղադրույքն արել էր ԱՄՆ պարտված իշխանության վրա, քանի որ պահպանողական գաղափարախոսությամբ մարդիկ փաշինյանական գաղափարախոսության համար ատելի են: Մեր երկիրը ոչ թե բալանսավորված դիվանագիտություն էր վարել, այլ փաստացի սեփական իշխանությունն ամրագրելու համար ինչ-որ բաներ էր պայմանավորվել, որոնք այսօր հօդս են ցնդել, որովհետև ԱՄՆ-ում իշխանությունը փոխվել է: Այսօր ԱՄՆ-ում լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում, որի մեջ Հայաստանի անունը դեռևս չենք լսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հենրիխ Դանիելյանը նկատեց՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Փաշինյանը հանդիպեց ոչ թե Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների, այլ կրոնական որոշ կառույցների ղեկավարների, ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապ չունեցող սենատորների և կոնգրեսականների հետ. «ԱՄՆ-ում նրան ցույց տվեցին, որ ուղղակի ձևի համար հանդիպումներ են իրականացրել: Դոնալդ Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանկրոտ է և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ մյուսների հետ: Այսօր կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ը քաղաքական մեսիջ է ուղարկել նաև Հայաստանի հանրությանը, որ Փաշինյանն այլևս նրանց համար քաղաքական գործոն չէ և անհետաքրքիր պերսոնաժ է՝ քաղաքական առումով»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կամ ռազմավարությունը թիթեռնիկի կյանք ունեն. «30 տարվա մեջ մենք երկու պատերազմ ենք հաղթել, մի քանի ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամ ենք հաղթահարել, Ռուսաստան-Վրաստան առճակատմամբ տուրբուլենտ հատվածը շատ հանգիստ ենք անցել, ունեցել ենք 5 միլիարդի չափով արտաքին պարտք: Իսկ ընդամենը 7 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը քանդել է բանակը, Արցախը հանձնել է, 7 միլիարդ դոլար արտաքին պարտքն ավելացրել է, Երևանում կա ահռելի մեծ խնդիր՝ օդի աղտոտվածության մասով, կան խնդիրներ բոլոր հատվածներում և՛ ջրահեռացման, և՛ տրանսպորտի, և՛ հարկերի, բոլոր ուղղություններով մենք ունենք խնդիր և՛ Երևանում, և՛ մարզերում: Մարդիկ մի կերպ են ապրում սրանց թանկացումների պատճառով»:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն պայքարում է համակարգային խնդրի դեմ, ոչ թե միայն տրանսպորտի թանկացման դեմ. «Հայկ Մարությանը 2018-ին ասում էր՝ տրանսպորտը պետք է թանկանա, հիմա արդեն նիկոլական լինելը մոդա չի, բոլորը դարձել են ընդդիմադիր, ու մի հատ էլ մեզ ասում են՝ ինչու տրանսպորտի թանկացման դեմ չեք պայքարում: Մենք միացել ենք բոլոր պայքարներին, որոնք միտված են այս իշխանությունների դեմ»:
Դանիելյանը նկատեց՝ ինչպես Երևանի ծառերն է Ավինյանը կտրել, տեղը սակուրաներ տնկել, այդպես էլ միջազգային ասպարեզում են գործող իշխանությունները սակուրաներ տնկում. «Փաշինյանի կցորդն է Տիգրան Ավինյանը, նույն քայլերն անողն է, իրենք նույն ուղղությամբ են մտածում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում