ԼՂ հայաթափումը տեղի է ունեցել տարբեր գործոնների պատճառով. Արմեն Գրիգորյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանին հարց ուղղեցին՝ լինելով Արցախից, ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ աշխատում է Արցախը հանձնած իշխանության հետ։

Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մասին իր գնահատականը նախորդ տարի հնչեցրել է։

«Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով, և դրա պատճառը ՀՀ իշխանությունը չէ, դա միանշանակ է»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Երբ նրան հիշեցրեցին, որ ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ԱԽ քարտուղարն ասաց, որ այս քննարկումը երկար քննարկում է, բազմիցս պարզաբանումներ են տվել։

«Ռուսաստանի Դաշնությունից սկսած՝ բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ես չեմ ուզում մտնել այդ քննարկումների մեջ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հետախուզվող թուրքերին, որոնք հայտնաբերվել են Հայաստանում ու հանձնվել Թուրքիային, Արմեն Գրիգորյանն ասաց, որ Արտգործնախարարությունն արդեն հայտարարություն տարածել է։

«Դրա հետ կապված բոլոր հարցերն ուղղեք համապատասխան կառույցներին, պատասխաններ կստանաք»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս