ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականը աշխատանքից հեռացրել է ԱԱԽ շուրջ 160 աշխատակցի
Associated Press-ին վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության խորհրդի շուրջ 160 աշխատակցի՝ կարգադրելով նրանց աշխատել տնից, մինչ վարչակազմը վերանայում է հաստիքացուցակը և փորձում է այն համապատասխանեցնել Թրամփի օրակարգին:
Պետծառայողներին չորեքշաբթի օրը հրավիրել են ընդհանուր նիստի, որտեղ նրանց հայտնել են, որ նրանք, ըստ ակնկալիքների, հասանելի կլինեն ԱԱԽ ավագ տնօրենների համար, սակայն պարտավոր չեն հաշվետվություն ներկայացնել Սպիտակ տանը:
ԱԱԽ-ն՝ Սպիտակ տան ստորաբաժանումը, նախագահին խորհրդատվություն է տրամադրում ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով:
Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը երդմնակալության օրվանից առաջ հասկացրել է, որ կփորձի Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱԱԽ-ում աշխատած նախկին պետծառայողներին վերադարձնել իրենց հիմնական գործակալություններ: Սա արվում է՝ երաշխավորելու համար, որ խորհուրդը համալրված կլինի Թրամփի օրակարգը աջակցողներով: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ստուգման ավարտին Ուոլցը կունենա «ավելի արդյունավետ և գրավիչ» ԱԱԽ: Միևնույն ժամանակ, պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել աշխատակիցների՝ ոչ քաղաքական աշխատակիցների, ինչպես նաև քաղաքական նշանակվածների վերջնական թիվը, որոնց Թրամփն ու Ուոլցը կցանկանային տեսնել ԱԱԽ կազմում ստուգումն ավարտելուց հետո:
Աղբյուրները հայտնել են, որ արդեն սկսել են գործակալություններից ներգրավել մասնագետների, ովքեր ունեն նոր վարչակազմի կողմից գնահատվող փորձ, այդ թվում՝ նրանց, ովքեր աշխատել են Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ: