«Կիսելյովի հաղորդմանը թեզեր են հնչել ՀՀ ինքնիշխանության դեմ. հնարավոր է՝ այն մեր երկրում արգելվի». Մխիթար Հայրապետյան

Այսօր առավոտյան ԱԳՆ-ից հայտնել էին, որ 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասնելով միջադեպը, ասաց՝ օրերս «Ռոսիա-1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչել։

«Շրջանառության մեջ են դրվել արհեստական գեներացված անընդունելի թեզեր ու խոսույթներ, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Սրանով պայմանավորված, այո, այսօր ԱԳ նախարարություն է հրավիրվել ՌԴ դեսպանը և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ։
Եթե կհիշեք, նմանօրինակ հեռուստահաղորդում կար, որն արգելափակված է՝ ինչպես հանրային մուլտիպլեքստի տարածքում, այնպես էլ՝ ցանցային օպերատորներով չի հեռարձակվում՝ Սոլովյովի հաղորդումն է»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նրա, վերջին ամիսներին տպավորություն են ստացել, որ հայ հեռուստադիտողն առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը։

Կարդացեք նաև

«Բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն ՀՀ տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողի համար, իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգով բովանդակությանը։ Ճիշտ այդպես, հայաստանյան տեղական հեռուստալիքներն են հետևում այդ կանոններին։ Կարծում եմ՝ այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ ու օբյեկտիվ է։ Մենք աշխատանքային կարգով նաև բողոք ենք ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կունենանք արձագանք ՀՌՀ մեր գործընկերների կողմից, և դրանից հետո մեր նախարարությունը և առհասարակ Կառավարությունը դրա հիման վրա կհստակեցնի իր անելիքները։

Ինչպես նախորդ հաղորդման դեպքում, Կիսելյովի հաղորդումը ևս կարող է մեր երկրում արգելվել»,- ընդգծեց ԲՏԱ նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս