Խաժամուժը՝ լրագրողի դեմ. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Ստեղ չի կարելի նկարել»՝ ինձ ուղղված այս արտահայտությունը ես աոաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը և ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները:
Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ «Էրեբունի» հյուրանոցի մոտ՝ զինված մարդկանց մեկ այլ խումբ, և երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ «հորդորում էին» չնկարահանել: Ինչպես այս դեպքում, այնպես էլ հետագայում, ինձ այնքան էլ չէր հետաքրքրում այս կոնֆլիկտում և մնացած վեճերում ով է ճիշտ, ով՝ սխալ, մեզ պետք էր հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տեսակետները, ինչը մենք ի վերջո արեցինք:
Վստահ եմ, որ նույնիսկ այսօր՝ 23 տարի անց, ՀՀՇ-ի և ՀԱԲ-ի «հետնորդները» կընդվզեն այդ հավասարակշռության դեմ և կասեն, որ ճիշտը հենց իրենք էին: Բայց լրագրողի համար կարևորը իրադարձությունները ֆիքսելն է, մնացածը համեմունքներ են:
Այդ պատմությունը հիշեցի նախորդ օրը իմ երիտասարդ գործընկեր Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության կապակցությամբ: Բնականաբար, թաղի խուժանին, որը տվյալ դեպքում կազմակերպում էր Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակչության հետ, որևէ մեկը չէր հասկացրել, որ նման պարագայում ոչ ոք իրավունք չունի լրագրողին արգելել նկարահանումներ կատարել:
Չնայած ես հասկանում եմ, «Տուրբոն» (Աշոտ Պապայանը) և «տուրբոյատիպ» մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց «հացի փողը»: Բայց վստահ եմ՝ իրենց կուսակցությունում՝ ՀՀԿ-ում, կան մարդիկ, որոնք ի վիճակի են այդ ամենը բացատրել, որոնք գիտեն, որ համացանցի այսօրվա զարգացման պարագայում «տուրբոների» ոչ այնքան հաճելի, մեղմ ասած, դեմքերի պատկերները, միևնույն է, կտարածվեն և կտիրաժավորվեն, գիտեն նաև, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Թե ինչու չեն բացատրում՝ չգիտեմ, հավանաբար՝ զլանում են:
Ինձ համար բացարձակապես միևնույն է՝ հարձակման ենթարկված լրագրողը ilur.am-ից է, թե slaq.am- ից, լուսաբանվող քարոզարշավը ՀՀԿ-ինն էր, թե, ասենք, ՀՅԴ-ինը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, հեղափոխականներն ու պահպանողականները այնքան հաճախ են փոխվում տեղերով, որ չես էլ հասցնում աչքդ թարթել: Ինձ համար կարևոր է, որ մենք՝ լրագրողներս, կարողանանք ֆիքսել իրականությունը, դա փոխանցել հասարակությանը, իսկ «համեմունքները» թող տան քաղաքական գործիչները կամ քաղաքականացված մարդիկ՝ կարևոր չէ:
Այդ առումով ուզում եմ ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա: Ի՞նչ է, այդ միջադեպի ժամանակ Հակոբը միա՞կ լրագրողն էր, ում ձեոքին տեսախցիկ կար: Պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե խուժանի գործողությունները նկարահանվեին 10 տեսախցիկներով և հետո եթեր տրվեին: Նրանք կհամարձակվեի՞ն խլել 10 լրագրողի տեսախցիկները:
60-ական թվականների ամերիկյան կարճամետրաժ ֆիլմ կար՝ «Միջադեպ»՝ թե ինչպես երկու տականքներ ներխուժում են մետրոյի վագոն և սկսում հերթով ահաբեկել տասնյակից ավելի մարդու: Բայց ամեն մեկը փորձում է լուծել միայն իր խնդիրը»: