«Կենաց-մահու ժամանակավրեպ և անհասկանալի կռիվ»

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլն արդեն մոտենում է ավարտին, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, արդյոք այն, ինչ կատարվում է նախընտրական այս շրջանում, տեղավորվո՞ւմ է քաղաքական տրամաբանության մեջ:

– Ընտրությունները ցանկացած հասարակության մոտ հիմնականում հանգեցնում են սթրեսի, ոչ մի երկրում ընտրությունները չեն անցնում անհետևանք, մեզանում ևս՝ նախընտրական տրամադրություններում կուլմինացիան բացառություն չէ: Իրականում, այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ավագանու նախընտրական շրջանում, բազմազան տարրեր ունի իր մեջ: Նախագահական ընտրության և հետընտրական անհասկանալի և անհաջող զարգացումներին անմիջապես հաջորդեցին նոր ընտրական տրամադրություններ: Եթե հասկանալի է «Ժառանգություն» կուսակցության ակտիվությունը (անցած երկու ամիսներին մարդիկ փորձում էին իրենց ալիքի վրա զգալ, պահպանել այն տրամադրությունները, որ ստեղծվեցին իրենց շուրջը նախագահականից հետո), ապա ամենևին հասկանալի չեն այլ քաղաքական ուժերի նկրտումները:

Ուժեր, որոնք ոչ մի ձևով չմասնակցեցին երկրի համար ամենակարևոր՝ նախագահական ընտրությանը, իրենք իրենց դրեցին քաղաքական լուսանցքում, այսօր հանկարծ արթնացել են և Երևանի ավագանու կազմում տեղեր ստանալու նպատակով խիստ տարօրինակ և ժամանակավրեպ կենաց-մահու կռիվ են փորձում խաղալ:

Կարդացեք նաև

Ընդ որում, նրանցից երկուսն այս ավագանիում ունեին տեղեր, բավականին ծանրակշիռ, բայց մեկը ժամանակին չուզեց որևէ մասնակցություն ունենալ մայրաքաղաքի ղեկավարման գործընթացում, ձեռքերը լվաց և հեռու քաշվեց, իսկ մյուսը, ունենալով բավականին ծանրակշիռ ներկայություն, այդպես էլ չընկալեց իր դերն ու նշանակությունը մայրաքաղաքի կառավարման գործում: Հետևաբար, այս աժիոտաժը բավականին զվարճալի է, արվում են հայտարարություններ, որոնք շատ դեպքերում անհիմն են, որոշ դեպքերում` տխուր, իսկ ամբողջության մեջ` անտեղի:

– Չե՞ք կարծում, որ իսկապես արդարացի են պնդումները, որ այսօր ՀՀԿ-ն մենաշնորհ ունի և ինքնուրույն է կառավարում ոչ միայն Երևանը: Հնարավո՞ր է անտեսել դա:

– Անտեսո՞ւմ, իհարկե` ոչ, դա իրականությունն է, սակայն, եթե վերլուծեք, կտեսնեք, որ ՀՀԿ-ի մեղքը չէ, որ այսօր և՛ խորհրդարանում, և՛ գործադիր մարմնում, և՛ Երևանի մինչ այժմ գործող ավագանիում այս ուժը մեծամասնություն է: Մյուս կողմից` դուք էլ ձեր հերթին մի անտեսեք այն իրողությունը, որ դեռ 2012-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, համոզված եմ, նաև այսօր և մայիսի 5-ից հետո, ՀՀԿ-ն բաց է, հրավերն ուժի մեջ է, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրոք մտահոգ են, իրականում սրտացավ են երկրի, հասարակության, մայրաքաղաքի մեծ ու փոքր խնդիրների լուծմամբ և ոչ թե ձգտում են իրենց անձնական օգտագործման մենաշնորհը ստեղծել, կարող են գալ և միանալ, ձեռք ձեռքի տալ, համախմբվել:

Այդ դեպքում մի՞թե կլինի մենաշնորհ, անշուշտ` ոչ, այս դեպքում յուրաքանչյուրը կունենա պատասխանատվության իր դաշտը և իր չափը: Ուրեմն` ո՞ւմ մեղքով է այս, ինչպես այլ ուժեր են որակում` մենաշնորհը: Ինչ վերաբերում է կոնկրետ Տարոն Մարգարյանին, ապա Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ դառնալու բոլոր շանսերն ունի, նա արդեն գնում է այդ ճանապարհով, և ամենևին հարկ չկա արջի ծառայություն մատուցել գործող քաղաքապետին, պետք է պարզապես տեսնել այն լավը, որ կա, ընտրել և պահանջել ավելին, քանի որ իրականում խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել:

– Որոշ գնահատականներով՝ այս քարոզարշավի ընթացքում շատ է կիրառվում հակաքարոզչությունը: Ի՞նչ կասեք այս մասին, նկատե՞լ եք նման երևույթ, եթե՝ այո, հատկապես ո՞ր ուժերն են ավելի շատ կիրառում այն:

– Քարոզարշավն, ըստ իս, իր մեջ շոուի տարրեր է պարունակում, սա շատ ծանոթ, ցավալիորեն` ոչ մի խորք չունեցող ներկայացում է հիշեցնում: Բացատրեմ` բոլոր մյուս կուսակցությունների ներկայացուցիչները խոսում են ընդդեմ (և ընդդեմ գործող քաղաքապետի և մեկմեկու ընդդեմ): Միակը, որը ծրագիր և հաշվետվություն է ներկայացնում, Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակի ներկայացուցիչներն են և Տարոն Մարգարյանը:

Միշտ էլ շատ ավելի դժվար է գործող և գործ անող մարդու և թիմի համար, քան` այն ուժի, որը խոսում է ընդդեմի դիրքերից: Ընտրողների, երևանցիների հետ հանդիպումների ժամանակ բոլորն անխտիր խոսում են քաղաքական փոփոխությունների մասին՝ մոռանալով, որ երևանցին ընտրելու է ընդամենը ավագանի, զավեշտը հասնում է այնտեղ, որ որոշ գործիչներ իրենց ռեաբիլիտացիայից ոգևորված, անում են խիստ կասկածելի հայտարարություններ, օրինակ՝ ասում են, թե սկսում են «ատել» մայրաքաղաքի գեղեցիկ ծաղկե զարդարանքները, մայթերը, հարմարավետ նստարանները, մաքուր մայթերը: Ատելության այնպիսի մեծ չափաբաժին կա ընդդեմ աշխատող բոլոր ուժերի ներկայացուցիչների ելույթներում, որ իրոք` սարսափելի է, այնպիսի ճոռոմաբանություն կա, այնպիսի բառապաշար, հիշողության այնպիսի կորուստ, որ պարզապես տխուր է, շատ տխուր:

Ընտրակաշառքի մասին խոսում են այնպիսի ուժեր, որոնք իրենք են այդպես աշխատում, անունները և հասցեները կան, և հարմար առիթով դրանք կհրապարակենք, հրեշտակի կերպարանքով այլոց փորձում են սևացնել գործիչներ, որոնք չեն ուզում նկատել, թե իրենց գլխին ինչ կա:

Սա է, այսպիսին ենք, ամեն ընտրության գնում ենք այնպես, ասես, գնում ենք Ավարայրի ճակատամարտի: Հուսամ, կընկալենք, որ ուշքի գալու և սթափ լինելու ժամանակը թռչում է: Ցավալին այն է, որ ամեն անգամ ընտրություններից հետո ստեղծում ենք նոր խնդիրներ և հետո էլ սկսում ենք ազգովի դրանցից խոսել, փոխանակ իրական գործ անենք, ջանք թափենք` ոչ թե վատաբանելու և հայհոյելու, այլ` ձեռք ձեռքի տալու և գործ անելու, լուծելու այն խնդիրները, որոնք, այո, իրոք կան, որոնք շտապ լուծում են պահանջում, որոնց չլուծելը հղի է շատ լուրջ վտանգներով:

Տեսանյութեր

Լրահոս