«Արցախահայերի վերադարձ կարող է լինել միայն մեկ դեպքում՝ երբ ամբողջովին դէօկուպացվի Արցախը, և ունենանք մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ի իրողությունը». Հովիկ Ավանեսով

ՀՀ իշխանությունը շարունակում է հայտարարել, որ «Արցախն Ադրբեջանի մաս է», ավելին՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան փոդքասթի ժամանակ ասել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» մաս է «Զանգելանը, Կուբաթլուն, Քելբաջարը, Լաչինը»։ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի հայկական Կովսականը, Որոտանը, Քաշաթաղը, Քարվաճառը։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունը որևէ կերպ չի հիշատակում արցախահայերին, որոնք Ադրբեջանի կողմից բռնի կերպով տեղահանվել են Արցախից՝ կորցնելով իրենց հայրենիքը, տունը։

Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի խոսքով՝ որքան էլ ՀՀ իշխանությունը փորձի չհիշատակել Արցախի ու արցախահայերի հարցը, միևնույն է՝ Արցախի ու արցախահայերի հարցն առկախված է, այն շարունակում է չլուծված մնալ։

«Այս խնդրի մասին պետք է մշտապես բարձրաձայնեն ինչպես Արցախի ինստիտուտները՝ ԱԺ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և այլն, այնպես էլ՝ միջազգային կառույցները, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում։

Արցախահայերի լիարժեք վերադարձ կարող է լինել միայն մեկ դեպքում՝ երբ ամբողջովին դէօկուպացվի Արցախը, և ունենանք այն իրողությունը, որը կար մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Այսինքն՝ բացառապես հայկական ղեկավարությունով, բացառապես հայկական ուժային կառույցների առկայությամբ Արցախ ունենալու դեպքում։ Իհարկե, միջազգային խաղաղապահ կոնտիգենտ ևս կարող է տեղակայվել Արցախի որոշակի հատվածներում, հատկապես՝ սահմանին։ Սակայն անվտանգության հիմնական երաշխավորը միայն ու միայն հայկական բանակն է։ Եթե այդ պայմանները լինեն, ապա հանգիստ կարող է քննարկվել վերադարձի հարցը, քանի որ միայն նման պայմաններում արցախահայերն իրենց պատմական տարածքում կլինեն անվտանգ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ՝ այն, ինչը տեղի ունեցավ Արցախում, Հայոց ցեղասպանության շարունակությունն էր. այն տեղի ունեցավ, քանի որ Հայոց ցեղասպանությունը պատշաճ չդատապարտվեց, ավելին՝ ՀՀ իշխանությունը միջազգային ճանաչման հարցը հանեց իր օրակարգից, և դրա հետևանքներն այսօր հայ ազգը տեսնում է։

«Մենք պետք է միշտ բարձրաձայնենք, որ Արցախի պետականությունը, որը կայացավ, դրան առնչվող բոլոր որոշումներն իրավական առումով ավելի բարձր արժեք ունեն, քան Ադրբեջան կոչեցյալ արհեստածին պետությունը։

Մենք անընդհատ օրակարգում պետք է պահենք, որ որոշումը, որը ստորագրել էր Սամվել Շահրամանյանը՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի ինստիտուտների և կառույցների լուծարման վերաբերյալ, իրավական ուժ չունի։ Իրավական ուժ ստանալու համար պետք է վավերացվեր Խորհրդարանի կողմից, ինչը չի արվել, նաև Գերագույն դատարանը պետք է տար որոշում, դա համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Սա չի եղել։

1960-ականներին ընդունվել են մի շարք միջազգային կոնվենցիաներ՝ կապված տարբեր միջազգային պայմանագրերի հետ, այլ ֆորմատի փաստաթղթերի հետ։ Այնտեղ հետաքրքիր նշում կա, որ ցանկացած պայմանագիր, փաստաթուղթ, որը ստորագրվում է ուժի սպառնալիքի կիրառման տակ կամ բախվել է ուժի սպառնալիքին, այդ որոշումը որևէ իրավական ուժ չունի, ինչը վերաբերում է նաև այդ թղթին»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը որևէ կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ, առավել ևս, Արցախի հետ, պատմական փաստերը որևէ կերպ չեն կարող ջնջել։

«Ինքս նշեցի Արցախ վերադառնալու ընդհանուր քայլերի ու ռազմավարության մասին, եթե մենք բոլորս աշխատանքներ տանենք այս ուղղությամբ, ապա հնարավորություններ կստեղծվեն այն կյանքի կոչելու համար»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Հովիկ Ավանեսովը։

 

Տեսանյութեր

Լրահոս