Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության, ադրբեջանական օկուպացիայից հետո արցախահայության վիճակի և քրիստոնյաների՝ հալածյալ հավատացյալներին աջակցելու ուղիների մասին։

– Հայաստանը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը։ Արդյոք Եվրոպական երկրները բավարար քայլեր ձեռնարկե՞լ են՝ պաշտպանելու Արցախի հայերին ադրբեջանական, իսկ ավելի լայն առումով ՝թյուրքական (պանթյուրքական) իռեդենտիզմից։

– Մենք, լինելով աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկը, ցավով պետք է փաստենք, որ Եվրոպական երկրները միանգամայն անտարբեր կեցվածք են դրսևորել հայ ժողովրդի արցախյան հատվածի՝ քաղաքակիրթ կոչված 21-րդ դարում նրա իսկ հայրենիքում իրականացված ցեղասպանական քաղաքականության ու հայրենազրկման կամ, այլ կերպ արտահայտած, մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ծանր հանցագործության նկատմամբ։ Նման սառն ու անտարբեր վերաբերմունքը ինչ-որ տեղ անսպասելի էր։ Անսպասելի էր նաև հանուն մարդկային ամենատարրական իրավունքների պաշտպանության այդ նույն քաղաքակիրթ պետությունների կողմից կյանքի կոչված միջազգային կառույցների կողմից դրսևորված նույնատիպ անտարբեր վերաբերմունքը։ Ակնհայտ իրողություն է, որ հենց նման վերաբերմունքն է շատ անգամ պատճառ հանդիսանում մեծ ողբերգությունների, այնպիսին, որից ապահովագրված չեն և ոչ մեկը։ Ուրեմն խոսել «ձեռնարկված քայլերի բավարար կամ անբավարար» լինելու մասին, մեր կարծիքով անիմաստ է։

-Սրբազան Հայր, կխնդրեի մեր ընթերցողներին ընդարձակ պատկերացում տալ Արցախի տարածքում քրիստոնեության պատմության վերաբերյալ։

– Մեծ սիրով, քանի որ հարցը կարևոր ու արդիական ենք համարում: Ցավոք ներկա ժամանակներում, հենց քաղաքական նկրտումներից դրդված, Ադրբեջանի կողմից մոգոնվում ու տարածվում են այնքան հիմնազուրկ ու կեղծ թեզեր, որոնք, իհարկե լուրջ գիտական շրջանակներում չեն կարող տեղ գտնել, և այնուհանդերձ, լայն մասսաների շրջանում, կարող ենք ասել, որոշակի տարածում այնուամենայնիվ ստանում են։

Ինչ վերաբերում է քրիստոնեության տարածմանը, ապա, հիմք ընդունելով հայ պատմիչների (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Մովսես Դասխուրանցի, Ստեփանոս Օրբելյան) հաղորդած տեղեկությունները, կարող ենք արձանագրել, որ քրիստոնեությունը Փրկչի երկրավոր կյանքի ժամանակներից առաքյալների միջոցով է քարոզվել ու տարածվել Մեծ Հայքում: Ակնհայտ է, որ Արցախը, որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, ևս ներառված էր քրիստոնեական քարոզչության ուղեծրում։ Համաձայն պահպանված սկզբնաղբյուրների` Սուրբ Թադևոս առաքյալի աշակերտներից Սբ.Եղիշան, շարունակելով առաքյալների սուրբ գործը, ինչպես Հայոց Արևելից կողմերում, այնպես և Հայաստանի և Աղվանքի միչև սահմանագիծ համարվող Կուր գետի ձախափնյա հատվածներում, այսինքն բուն Աղվանքում, հիմնադրել է քրիստոնեական համայնքներ: Եվ պատահական չէ, որ Արցախում և Ուտիքում կառուցված մեծ թվով եկեղեցիներ կրում են հենց Ս.Եղիշայի անունը:

5-րդ դարից եպիսկոպոսանիստ Սբ. Դադի վանքն ըստ ավանդության հիմնադրվել է 1-ին դարի 2-րդ կեսին` քրիստոնեական քարոզչության համար նահատակված Սուրբ Թադևոս առաքյալի 70 աշակերտների շարքին դասված Դադիի գերեզմանի տեղում: Հավանաբար հենց այդ նկատառումով է, որ Մխիթար Գոշը վանքը հիշատակում է Առաքելադիր անունով, իսկ Մ.Կաղանկատվացին տակավին 7-րդ դարում այն հիշատակել է «Դադոյի վանք» ձևով:

Այսպիսով, առայսօր պատմագիտությանը հայտնի փաստերը վկայում են, որ Մեծ Հայքում, այդ թվում և նրա հյուսիս-արևելյան Արցախ և Ուտիք նահանգներում քրիստոնեությունը առաքյալների ժամանակներից սկսած շարունակաբար տարածվել ու արմատավորվել է: Եվ միանգամայն տրամաբանական է, որ Հայոց Եկեղեցին Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի բնորոշմամբ «ամէն ատեն իրեն սեփականած և իւրացուցած է «Առաքելութեան կնիքը», այսինքն հանդես է գալիս որպես Հայ Առաքելական եկեղեցի։

Հայոց աշխարհում քրիստոնեական հավատքի ամրապնդման գործում կարևորագույն դերը պատկանում է Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Նրա ջանքերով է, որ քրիստոնեությունը աշխարհում առաջինը հենց Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։ Հայոց առաջին Հայրապետը մեծագույն ջանքերով ու ոգևորությամբ է քարոզել և ամենուրեք եկեղեցիներ հիմնադրել, քահանաներ կարգել, դպրոցներ բացել։ Եվ այս ամենից ոչ միայն դուրս չէր Արցախը, այլև կարևոր ու կենտրոնական տեղ ուներ։ 5-րդ դարի պատմագիր Փավստոս Բուզանդի, ավելի ուշ, մասնավորապես 7-րդ դարում Մ.Կաղանկատվացու վկայությամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շրջագայել է նաև Հայոց Արևելից կողմերում և գալով Ամարաս գյուղաքաղաքը, այնտեղ էլ հիմնադրել եկեղեցի:

Մատենագիր աղբյուրները, մասնավորապես Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Մովսես Կաղանկատվացու հաղորդած տեղեկությունները, փաստում են, որ Լուսավորչից հետո Հայոց Արևելից կողմերի քրիստոնեական լուսավորության առաքելությունը ստանձնել էր նրա թոռ, տակավին պատանի Սուրբ Գրիգորիսը:

Շարունակելով իր քարոզչությունը, Սուրբ Գրիգորիսը, չի սահմանափակվել միայն Հայոց Արևելից կողմերում քրիստոնեության տարածմամբ: Նա իր աշակերտների հետ անցնում է անդրկուրյան Աղվանք, հասնում մինչև հյուսիս-արևելքում գտնվող մասքութների երկիրը, որտեղ էլ նահատակվում է: Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, ինչպես հաղորդում է Փավստոս Բուզանդը, նրա հետ գնացած աշակերտները Սրբի մասունքները բերում և հուղարկավորում են Հայոց Հաբանդ գավառի Ամարաս գյուղի Սուրբ Գրիգոր Մեծի կառուցած եկեղեցում:

Սուրբ Գրիգորիս հայրապետի դամբարանը՝ «Դամբարանն սրբոյն Գրիգորիս Աղուանից կաթողիկոսի թոռին և սուրբն Գրիգորիս Լուսավորիչի Պարթևի, ծնեալ յամի ՅԻԲ (322), և օծեալ ՅԽ (340) նահատակեալ ՅԽԸ (348)-ը* Սանեսան թագաւորէն Մազքթաց ի Դերբենդ, բերեալ յԱմարասն սուրբ նշխարի ձեռն ձեռնասուն սարկավագաց նորին Արցախունի» արձանագրությամբ, համենայնդեպս մինչև 2023 թ․Արցախի բռնազավթումը, պահպանվում էր Ամարասում: Պատահական չէ, որ Ամարասը հայ ժողովրդի ամենասիրված ու կարևոր սրբավայրերից մեկն էր համարվում բոլոր ժամանակներում:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է փոխվել համաշխարհային իրավիճակում, որը հնարավորություն է տվել Ադրբեջանին նախաձեռնել գործողություններ Արցախի հայ բնակչության դեմ: Հարաբերական կայունությունը պահպանվում էր 1990-ական թվականների սկզբից, երբ տեղացի քրիստոնյաները առաջին անգամ հռչակեցին Արցախի անկախությունը:

– Հարցի պատասխանը ստիպված ենք վերջնամասից ներկայացնել և ասել, որ Արցախը ոչ թե առաջին անգամ իր անկախությունը հռչակել է 1991 թ., այլև նախորդ դարերում, քաղաքական տարաբնույթ իրադարձությունների ազդեցությամբ պայմանավորված, Արցախում գրեթե մշտապես գոյություն են ունեցել ինքնուրույն իշխանական, պետական կազմավորումներ, հանձինս մելիքությունների, կամ հենց 20-րդ դարասկզբին՝ 1917-1921 թթ. գործած Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի և կառավարության: Դա է նաև պատճառը, որ երբ 1921 թ. Ղարաբաղը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ապօրինի որոշմամբ բռնակցվել է Ադրբեջանին, այնուամենայնիվ տեղի հայությունը ընդհուպ մինչև 1980-ական թվականները, ոչ միայն չի ընդունել, այլև ամենատարբեր ճանապարհներով ու հնարավոր բոլոր մեթոդներով արտահայտել է իր բողոքը այդ ապօրինի որոշման դեմ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հարձակման նախադրյալներին, ապա սկսված ռուս-ուկրաինական պատերազմը և դրա հետևանքով ստեղծված միջազգային խառնաշփոթ իրավիճակը, միջազգային կարևորագույն դերակատար երկրների կուլիսային պայմանավորվածությունները ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի շուրջ ողբերգական իրադարձությունների ծավալմանը: Հանրահայտ է, որ Թուրքիայի անմիջական հովանավորությամբ ու ռազմական աջակցությամբ էլ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի բռնազավթման հստակ ծրագրով։

– Շատ զեկույցներում խոսվում է եկեղեցիների և այլ քրիստոնեական սրբավայրերի պղծման և ոչնչացման մասին: Ինչպիսի՞նն է ներկայումս իրավիճակը Արցախում դեռ ապրող քրիստոնյաների համար: Եվ որքա՞ն է նրանց թիվը:

– Ոչ միայն զեկույցներում խոսվում է, այլև համացանցում տեղադրված բազմաթիվ տեսանյութեր ակնհայտորեն վկայում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ այդ երկրի կողմից պետականորեն տարվող վանդալիզմի քաղաքականության մասին: Բոլորին է հայտնի, որ դեռ 2020 թ. ռազմական գործողությունները ուղեկցվում էին հայկական պատմամշակութային ժառանգության ակնհայտ ոչնչացմամբ, այդ նպատակով կիրառելով նաև գերժամանակակից պայթուցիկ զենքեր: 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կրկնակի հրետակոծության ենթարկվեց, փաստ, որը Ադրբեջանի նախագահը միջազգային լրատվամիջոցներին տրված հարցադրումներին ի պատասխան պարզապես ներկայացրեց որպես պատահականության արդյունք: Պատերազմից անմիջապես հետո նույն Շուշիի Կանաչ Ժամ կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պայթեցումն ու 2023 թ. Արցախն ամբողջությամբ զավթելուց հետո այդ եկեղեցու հիմնովին ավերումը ինքնին վկայություններ են, որ Արցախը այդ երկրին չի պատկանել երբեք, հետևաբար և այլևս զարմանալի չէ բնիկ հայկական տարածքում նրա իսկ կողմից որդեգրված հայի հետքի վերացման քաղաքականությունը: Հավելենք նաև, որ պատերազմից հետո համացանցում հայտնված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատկերող տեսագրություններն էլ արդեն իսկ մատնացույց են անում եկեղեցու նաև ձևախեղման մասին: Տիգրանակերտի տարածքում հայտնաբերված և 5-րդ դարին վերագրվող եկեղեցու հիմքերն ադրբեջանցի այսպես կոչված մասնագետները փորձում են ներկայացնել որպես մուսուլմանական բաղնիք: 2021 թ. մարտի 27-ին իրենց իսկ հրապարակած տեսանյութում ադրբեջանցի զինվորականները ցինիկաբար անարգում, վանդալիզմի են ենթարկում Մարտակերտի շրջանի Մատաղիսի Ս.Եղիշե եկեղեցին:

Մեր կարծիքով՝ 2021 թ. մարտին Հադրութի Ծակուռի վանքի բակում Ադրբեջանի նախագահի բացահայտ հնչեցրած հրահանգը հայկական հուշարձաններից հայատառ բոլոր գրությունները վերացնելու վերաբերյալ, այն էլ միանգամայն կեղծ ու անհիմն մեկնաբանություններով, պետք է որ միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից արժանանար պատշաճ պատասխանի: Սակայն նորից ու նորից անտարբերություն համամարդկային պատմական ժառանգության ծագումնաբանության ու ինքնության խեղաթյուրման, ոչնչացման նկատմամբ: Եվ պատահական չէ, որ հայկական մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման կամ ոչնչացման նպատակով արված այդ հրահանգներն էլ իրականացվում են միանգամայն անարգել: Այդ հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից ստեղծվել է Հատուկ կոմիտե, որի առջև էլ խնդիր է դրված՝ բոլոր միջոցները ձեռնարկել հայերի կողմից իբրև թե «ալբանական» տաճարների վրա գրված հայկական հետքերը վերացնելու ուղղությամբ: Այս գործընթացն էլ այսօր իրականացվում է միանգամայն բացահայտ և օրինակներն էլ բազմաթիվ են: Վերջերս 5-13-րդ դարերում կառուցված, և ինչպես սկզբում նշեցի, Սուրբ Դադի առաքյալին նվիրված հայկական նշանավոր հոգևոր կենտրոն Դադիվանքի, ինչպես նաև Ամարասի և մեր մյուս հոգևոր կենտրոնների հանձնումը ուդիական համայնքին ու նմանատիպ բազմաթիվ այլ ձեռնարկները հայկական հոգևոր-կրոնական ժառանգության բացահայտ նենգափոխման փաստեր են ու տգիտության պարզունակ արտահայտություն: Այն աստիճան, որ հանդգնում են անգամ Գանձասարը հայտարարել ոչ հայկական: Եվ այս ամենը իրականացվում է քաղաքական հստակ նպատակներով ու այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության ցուցումներով։ Դրա մասին փաստող վկայություններից է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի մայիսի 28-ին տրված հարցազրույցը, որ տարածված է համացանցում։ Ադրբեջանի գերագույն ղեկավարը բացահայտ հայտարարել է․ «Որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, որևէ մեկը չի կարող ազդել մեզ վրա: Հիմա որոշ հայամետ երկրներ ինչ-ինչ հայտարարություններ են անում, թող անեն, դա իրենց գործն է, Եվրախորհրդարանն էլ հերթական բանաձևն է ընդունել` սուտ տեղեկությունների հիման վրա: Ես երբեք դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում, դրանք կարևոր չեն: Կարևորն այն է, որ մենք այստեղ ենք այսօր, կանգնած ենք և կշարունակենք այստեղ ապրել հավերժ»:

Ինչ վերաբերում է Արցախում դեռ ապրող քրիստոնյաների վիճակին, ապա պատասխանը շատ պարզ ու հստակ է, 2023 թ. սեպտեմբերին ողջ արցախահայությունն է ցեղասպանության սպառնալիքի պայմաններում լքել իր հայրենի բնօրրանը, այնտեղ մնացել էին հազիվ մեկ տասնյակի հասնող և հիմնականում միայնակ ապրող հայեր, որոնք էլ որոշակի առողջական խնդիրներ են ունեցել: Նրանց մի մասն էլ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով ստիպված որոշ ժամանակ հետո են դուրս եկել: Մեկ կամ երկու հոգի այնտեղ գտնվելու մասին էլ համացանցի նյութերից կարող եք տեսնել, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունքի ու ծաղրանքների են ենթարկվում:

– Համոզված ենք՝ արդար կլինի ասել, որ Արցախի հակամարտությունը, ի վերջո, բխում է Սովետական իշխանության կողմից տեղում առկա էթնիկ և կրոնական իրականությունների անտեսումից և տարածքի հանձնումից Ադրբեջանական ԽՍՀ-ին: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, դա արվեց: Կարծո՞ւմ եք արդյոք, որ սովետական իշխանությունների հակաքրիստոնեական մոտեցումը հնարավոր է՝ դեր խաղացած լինի:

-Ի սկզբանե ասենք, որ հարցը և բավական տարողունակ է, և միաժամանակ արդիական ու կարևոր՝ հատկապես ներկա իրողությունները հիմնովին ընկալելու տեսանկյունից։ Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ այն իր հիմքով միանգամայն քաղաքական որոշում է և չենք կարծում, որ պայմանավորված է սովետական իշխանությունների հակաքրիստոնեական մոտեցումներով։ Հայտնի փաստ է, որ մինչև 1918 թվականը տարածաշրջանում Ադրբեջան անունով պետական որևէ կազմավորում ուղղակի գոյություն չի ունեցել։ 1918 թ., երբ Ռուսաստանում ներքին անկայուն իրավիճակ էր, Թուրքիան հերթական անգամ հարձակվել ու նոր փորձ է կատարել Այսրկովկասը նվաճելու պարզ նպատակով, ինչը, ակնհայտորեն չհաջողվեց, ի շնորհիվ Մայիսյան հերոսամարտերի, ի դեպ որին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև արցախահայերը։ Թուրքիան, այնուամենայնիվ, չհրաժարվելով իր քաղաքական ծրագրերից, փորձել է դրանք լուծել հնարավոր այլ մեթոդներով։ Եվ քանի որ 1918-1920 թթ. Ադրբեջանի կողմից Արցախը զենքով նվաճելու փորձերը ձախողվել էին, ապա հենց Լենինի գլխավորած բոլշևիկյան կառավարության միջոցով, այսինքն՝ այսպես ասած “դիվանագիտական ճանապարհով”, Արցախի հարցը լուծվեց ի օգուտ Ադրբեջանի։ Շատ հայտնի փաստ է, որ ընդհուպ մինչև 1921 թվականը Արցախը նորահռչակ Ադրբեջանի կազմում չի եղել։ Բոլշևիկյան իշխանությունը իր նոր դաշնակցին՝ Թուրքիային սիրաշահելու նպատակով 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքած Ռուս-թուրքական պայմանագրով նախ Նախիջանը Հայաստանից կտրեց ու տվեց Թուրքիային, ապա՝ 1921 թ. հուլիսի 5-ին՝ նաև Արցախը։ Ի դեպ, հենց նույն 1921 թ. այդ ապօրինի որոշման դեմ Արցախում տեղի են ունեցել բողոքի շարժումներ, որոնք հասցրել են ընդհուպ մինչև զինված ապստամբության։ Այնուհանդերձ, որոշումը մնաց նույնը և Արցախը այդպես հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Հայությանը արված միակ զիջումը, որը նաև բխում էր կոմունիստների որդեգրած ազգերի ինքնորոշման քաղաքականությունից, դա այն էր, որ ավելի քան 95 տոկոս քրիստոնյա հայ ազգաբնակչություն ունեցող Արցախին “շնորհվեց” ինքնավար մարզի կարգավիճակ։ Դա Խորհրդային Միության վարչական համակարգում ընդունված ձևաչափ էր. այսինքն էթնիկական սկզբունքով տարածքին ինքնավարություն շնորհելը։ Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Խորհրդային Միության ողջ տարածքում միայն Արցախն էր, որտեղ չէր գործում ոչ մի եկեղեցի։

 

– Աստվածապարգև Հայաստան աշխարհի անբաժանելի մաս հանդիսացող Արցախը կարող է և ես դրան հավատում եմ, որ նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե մենք կարողանանք հասկանալ և գիտակցել այն սխալները, բացթողումները, որոնք ևս գումարվեցին ու պատճառ հանդիսացան նրա կորստյան, թեև, ինչպես նշել ենք այդ մասին նաև նախորդ հարցի պատասխանի մեջ, մեր դիմաց գործում էին անհամեմատ հզոր տերություններ, որոնց միջև կայացած փոխհամաձայնություններն ու կատարած կոնկրետ գործողությունները Արցախի հարցում որոշիչ էին։ Եվ այնուհանդերձ, առ Աստված հավատքով, որ ուղղորդվում է ապաշխարհությամբ, մենք արժանի պիտի դառնանք մեր հայրերի Աստծուն, ականջալուր գործելով և նրան ընդունելով որպես անդավաճան ընկեր ու դաշնակից, ինչն էլ կնպաստի Իր իսկ կողմից մեզ շնորհված այդ սրբազան հողում վերստին ապրելու և արարելու։ Իսկ եթե դա տեղի չունեցավ, ապա Արցախը վեր է ածվելու դժոխքի, ոչնչացվելու են հազարամյակների մեր սրբություններն ու զանազան արժեքները և այն աներկբայորեն արժանանալու է Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի ճակատագրին։

– Ո՞րն է Ձեր կոչը՝ որպես Աստծո մարդ և հայ հայրենասեր, Եվրոպայի ու լայն արևմտյան աշխարհի քրիստոնյաներին:

– Ես հոգևորական եմ, հավատում և ապրում եմ իմ խիղճը մաքուր պահելու, հույսս որպես տեսիլք՝ իմ ժողովրդի ապագայի հանդեպ, որովհետև քրիստոնյայի համար գերկարևոր է հոգու փրկության համար ոչ միայն մտածել, այլ նաև հավատքով գործել։ Ես աղոթում եմ իմ քրիստոնյա եղբայրների և քույրերի համար, որ միշտ ունենան լուսավոր միտք ու արդար հոգի, ապրեն ու արարեն Քրիստոսի պատգամի համաձայն՝ այցի գնան իրենց քույրերին ու եղբայրներին, որոնք հալածանքի, նեղության, գերության վիճակի մեջ են։ Այս է իմ եղբայրական հորդորը և խնդրանքը։ Եվ թող խաղաղության հրեշտակը խաղաղություն բերի համայն մարդկությանը։

Տեսանյութեր

Լրահոս