«Կարող ենք հիշել Ադրբեջանում ապրող, եթե ԼՂ-ն էլ հաշվենք հետը, 500 հազար հայերի ճակատագիրը՝ Բաքվի ջարդերը, Սումգայիթը, դա փաստաթղթավորված փաստ է»․ Միրզոյան
««Արևմտյան Ադրբեջանը» շինծու, առավելապաշտական նախագիծ է, հավակնություն ՀՀ տարածքի նկատմամբ»,- այս մասին այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվին։
Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ նրանք են հովանավորում այս նախագիծը, որով ՀՀ տարածքն անվանվում է Ադրբեջան, ինչը ՀՀ տարածքի նկատմամբ հավակնության ապացույց է։ Միրզոյանը հիշեցրեց, որ Բաքուն խոսում է ոչ թե Հայաստանում ադրբեջանցիների համայնքի, այլ կոնկրետ «արևմտյան ադրբեջանցիների» մասին։ «Եվս մեկ կեղծ մաքսիմալիստական գաղափար»,- որակեց Միրզոյանը։
Մյուս կողմից նա նշեց, որ ՀՀ-ն երբեք չի թաքցրել, որ ադրբեջանցիները ՀՀ-ից ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ հեռացել են, սակայն քաղաքակիրթ ճանապարհով, քանի որ դա չի եղել տեղահանություն և նման մի բան։
Միրզոյանը նշեց, որ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը վաճառել և փոխանակել են իրենց բնակարանները, ինչպես նաև ստացել փոխհատուցում, այսինքն՝ նրանց իրավունքները սպառված են։
ՀՀ ԱԳ նախարարը թվարկեց, որ հարյուրավոր ընտանիքներ բնակարաններ են վաճառել, 12 հազար ընտանիք փոխանակել են բնակարաններ, իսկ ավելի քան 160 հազարը ստացել է փոխհատուցում։
«Մենք կարող ենք զուգահեռներ անցկացնել Ադրբեջանում ապրող, այդ թվում՝ ԼՂ-ում, 500 հազար հայերին, հիշել նրանց ճակատագիրը՝ Բաքվի, Սումգայիթի ջարդերը։ Այս ամենը փաստ է՝ փաստաթղթավորված»,- թվարկեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։