Ռուս սահմանապահների հեռանալու հարցը կքննարկենք, եթե հայ-թուրքական վստահություն լինի․ Միրզոյան
Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա։ 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ դիտարկվի ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրի վերանայման և ռուս սահմանապահներին նաև հայ-թուրքական սահմանից կրճատելու հարցը, ինչպես արվեց հայ-իրանական սահմանին և «Զվարթնոց» օդանավակայանում։
«Ռուս սահմանապահները տեղակայվել են ժամանակավոր, իրենք ծառայություններն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանա կազմավորել այն բոլոր անհրաժեշտ ինստիտուտներն ու հմտությունները, որոնցով կկարողանա ապահովել սեփական ուժերով այդ ծառայություններն ու առաքելությունը։ Մենք ինչ-որ պահի շնորհակալություն ենք հայտնել ռուսական սահմանապահ ծառայությանը և ասել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կարող ենք ինքնուրույն հոգալ այդ հարցը»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո էլ ինչ-որ փուլում ՀՀ-ն նաև ստանձնել է ամբողջական վերահսկողություն Հայաստանի և Իրանի միջև գործող անցակետի նկատմամբ։ Ըստ նրա՝ սա մի կողմից մեր կարողությունների ձևավորման մասին է խոսում, մյուս կողմից էլ՝ Հայաստանի և Իրանի միջև վստահության բարձր մակարդակի։
«Կարող եմ ասել, որ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի գործող բաց սահման, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի այդ նույն վստահությունը, կարող ենք քննարկել և դիտարկել այդ հարցը ևս»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։
Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։