«Հայի բախտ» գոյություն չունի. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ով, ինչի համար և ինչպես է իրականացրել հայերի ցեղասպանությունը՝ հայտնի է ամենայն մանրամասնությամբ: Ով է թույլ տվել և ով է նպաստել, որ այդ աղետը տեղի ունենա՝ նույնպես գաղտնիք չէ:
Այստեղ մեր պետության, մեր ազգային կառույցների, մեր պատմաբանների խնդիրն է՝ գտնել փաստեր և փաստարկներ՝ ամբողջ աշխարհին դա բացատրելու համար: Մեզ՝ հայերիս համար կարևոր է պարզել այլ հարցեր՝ մասնավորապես, հասկանալ, թե ինչու որոշ տեղերում մեզ հաջողվեց դիմադրություն ցույց տալ թուրք զինվորականներին և հրոսակներին և ինչու շատ դեպքերում այդպիսի դիմադրություն չի ցուցաբերվել:
Պարզ է, որ հայերին բնաջնջելու թուրքական պետության ծրագիրը, միևնույն է, իրականացվելու էր, բայց արդյոք չպիտի՞ լինեին ավելի շատ դրվագներ, որոնցով մենք այսօր հպարտանում ենք, ինչպես հպարտանում ենք, օրինակ, մուսալեռցիների հերոսությամբ:
Ի դեպ, հայտնի է, որ Սումգայիթում էլ է այդպիսի դեպք եղել, երբ հայ տղամարդը սատկացրեց (ուրիշ բաո չեմ գտնում) իր ընտանիքի վրա հարձակված հրոսակներից մեկին:
Զուտ տեխնիկական խնդիրներից՝ կոնկրետ գյուղի կամ քաղաքի աշխարհագրական դիրքից, ինչ-որ տեղ պահած զենքի առկայությունից կամ բացակայությունից և այլ նմանատիպ հանգամանքներից զատ՝ կարո՞ղ են լինել նաև հասարակական, քաղաքական, հոգեբանական պատճառներ՝ չդիմադրելու համար:
Մենք խուսափում ենք խոսել այդ թեմաներով՝ չցանկանալով, հավանաբար, թուրքերի ջրաղացին ջուր լցնել: Բայց գուցե մենք ավելի շատ ենք այդ ջրաղացին ջուր լցնում, երբ 1915 թվականի հետ կապված ինքներս մեզ պատկերում ենք որպես խեղճուկրակ, զարկված-զրկված, բազմաչարչար ժողովուրդ՝ կարծես թե չարչարվել ենք միայն մենք, իսկ մնացած ժողովուրդների պատմությունը հաղթանակների և հաճույքների անընդմեջ շղթա էր: Եվ որպես այդ «դասագրքային» ինթնախղճահարության ամփոփում, վերջում լսվում է՝ «է՜, հայ բախտ է» տնքոցը:
Իրականում ոչ մի «հայի բախտ» էլ գոյություն չունի: Հայի բախտ չէ, որ մենք բաժանված ենք Հայրենիքի և Սփյուռքի: Դա իրողություն է, որից պետք է օգտվել, և որը պետք է հոգեբանորեն հաղթահարել: Մենք պետք է քայլեր անենք՝ իրար հասկանալու համար, որոնք առայժմ չենք անում: Հայի բախտ չէ, որ Հայաստանի կեսը այս 22 տարում փախել է երկրից՝ որքան ես ուզում եմ «թասիբի քցեմ» իմ եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան և մեզ հետ միասին չարչարվեն, նրանք «թասիբի չեն ընկնում», նեղվում են, բերում են քաղաքական և այլ պատճաոաբանություններ:
Եթե Հայաստանում ինչ-որ հրաշալի բարելավումների են սպասում, որ հետո գան, ուրեմն՝ երբեք չեն վերադառնա: Պետք է չարչարվենք, որպեսզի բազմաչարչար չլինենք: Ասածս, թվում է, կապ չունի ապրիլի 24-ի հետ, բայց մենք խոսում էինք դիմադրություն չցուցաբերելու հոգեբանական արմատների մասին, այդպես չէ՞:
Իսկ որոշակի բարդույթներ մենք կհաղթահարենք այն ժամանակ, երբ վերջ կտանք Երևանի Ազատության հրապարակում թուրքական դրոշ այրելու թուլակամ, անզոր հոխորտանքին»: