Բաժիններ՝

Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկյան իշխանությունները պետք է վերահսկողություն հաստատեն Գրենլանդիայի նկատմամբ։ Նա այս մասին, ինչպես նշում է Axios-ը, ասել է՝ PayPal-ի համահիմնադիր Քեն Հաուերիին Դանիայում (Գրենլանդիան ներառված է այս երկրի կազմում-Խմբ.) ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման մասին հայտարարելու ժամանակ։

«Հանուն ազգային անվտանգության և ամբողջ աշխարհում ազատության՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ սեփականություն ու վերահսկողություն ստանալը բացարձակ անհրաժեշտություն է», – գրել է նա իր Truth Social էջում:

2019 թվականին նախագահական իր առաջին ժամկետում Թրամփը խորհրդականների հետ քննարկել էր Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այդ գաղափարն անվանել էր «անհեթեթ»։ Նրա խոսքերի պատճառով ԱՄՆ նախագահը չեղարկել էր այցը Դանիա։

Նախօրեին Թրամփը սպառնացել էր, որ Պանամայի ջրանցքը կրկին կարող է դառնալ ԱՄՆ-ի սեփականությունը. ԱՄՆ նորընտիր նախագահն այս մասին գրել էր Truth Social սոցիալական ցանցում։

«Պանամայի կողմից գանձվող (ջրանցքի անցման համար-Խմբ.) վճարը պարզապես ծիծաղելի է, հատկապես՝ հաշվի առնելով այն արտասովոր առատաձեռնությունը, որ ԱՄՆ-ն ցուցաբերել է Պանամայի նկատմամբ: Եթե նվիրատվության այս առատաձեռն ժեստի (նկատի ունի ջրանցքը Պանամային տալը – Խմբ.) բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց հարցերի»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի այս «ամբողջական թալանը» պետք է անհապաղ դադարեցվի։ Թրամփն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքը համարվում է կենսական ազգային արժեք իր երկրի համար՝ տնտեսության և ազգային անվտանգության համար ունեցած կարևոր դերի պատճառով։

Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Չինաստանը նույնպես օգտվում է Պանամայի ջրանցքից, չնայած այն բանին, որ, նրա կարծիքով, դա հակասում է ջրանցքի տեղափոխման գործարքի պայմաններին։

«Երբ նախագահ Ջիմի Քարթերն իր նախագահության ժամանակ հիմարաբար տվեց ջրանցքը մեկ դոլարի դիմաց, այն կարող էր վերահսկել միայն Պանաման, ոչ Չինաստանը կամ որևէ այլ մեկը», – ընդգծել է նորընտիր նախագահը:

20-րդ դարի սկզբին ամերիկացիների կողմից կառուցված Պանամայի ջրանցքը չեզոք է դարձել 1977 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի և Պանամայի այն ժամանակվա դե ֆակտո առաջնորդ Օմար Տորիխոսի միջև պայմանագրերի ստորագրումից հետո: Դրանց համաձայն՝ Պանաման վերահսկողություն է ձեռք բերել այս անդրօվկիանոսային ճանապարհի վրա։ ԱՄՆ-ի համար վարձավճար է սահմանվել ջրանցքի օգտագործման ։ Ջրանցքը երաշխավորում է բոլոր ազգերի նավերի անվտանգ և բաց տարանցումը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս