ՌԴ-ն առաջարկել է Սիրիայում իր բազաներն օգտագործել հանրապետություն հումանիտար օգնություն հասցնելու համար
Ռուսաստանն իր գործընկերներին առաջարկել է Հմեյմիմում և Տարտուսում գտնվող ռուսական ռազմակայաններն օգտագործել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու համար. դա ըմբռնումով է ընդունվել:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։
«Մենք առաջարկել ենք օգտագործել, ասենք, Հմեյմիմի ավիաբազան՝ Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու համար: Դա ընդունվել է ըմբռնումով և այդ աշխատանքը համատեղ կազմակերպելու ցանկությամբ», – ասել է ՌԴ նախագահը։
«Եթե մենք մնանք այնտեղ, դա նշանակում է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք ի շահ այն երկրի, որտեղ մենք գտնվում ենք: Թե որոնք են լինելու շահերը, ինչ կարող ենք անել նրանց համար, դա մի հարց է, որն սպասում է երկու կողմերի մանրակրկիտ ուսումնասիրությանը», – ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասը շահագրգռված է Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանմամբ։
«Մենք պահպանում ենք հարաբերություններն այնտեղ իրադրությունը վերահսկող բոլոր խմբավորումների հետ, տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, թե իրենք շահագրգռված կլինեն, որ մեր ռազմակայանները մնան Սիրիայում», – ասել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կմտածի այս մասին։