Honda-ն և Nissan-ը հնարավոր միաձուլման շուրջ բանակցություններ են վարում. Reuters
Ճապոնական ավտոարտադրողներ Honda-ն և Nissan-ը բանակցություններ են վարում կապերը խորացնելու, հնարավոր է նաև՝ միաձուլման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։
Ըստ գործակալության՝ այս տեղեկությունները վկայում են այն մասին, որ Ճապոնիայի՝ երբեմնի անպարտելի թվացող ավտոարդյունաբերությունը վերափոխվում է Tesla-ի և չինական մրցակիցների ներկայացրած մարտահրավերների պատճառով:
Եթե Honda-ն և Nissan-ը միաձուլվեն, ապա արդյունքում կստեղծվի 54 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն, որը կթողարկի տարեկան 7,4 միլիոն մեքենա՝ դառնալով ավտոմեքենաների վաճառքով աշխարհում երրորդ ամենամեծ ավտոարտադրողը՝ Toyota-ից և Volkswagen-ից հետո:
Երկու ընկերությունները մարտին արդեն կնքել էին ռազմավարական գործընկերության պայմանագիր՝ համագործակցելու էլեկտրամեքենաների մշակման ոլորտում, սակայն վերջին ամիսներին Nissan-ի ֆինանսական և ռազմավարական դժվարություններն, ըստ Reuters-ի, ավելի հրատապ են դարձել ավելի խոշոր մրցակից Honda-ի հետ համագործակցության խորացումը:
Նոյեմբերին Nissan-ը հայտարարել էր 2,6 միլիարդ դոլար ծախսերի խնայողության պլանի մասին, որը ներառում է 9000 աշխատատեղի և իր համաշխարհային արտադրական կարողության 20%-ի կրճատում. բանն այն է, որ Չինաստանում և ԱՄՆ-ում վաճառքի նվազումը հանգեցրել է երկրորդ եռամսյակում շահույթի 85%-ով կրճատման:
Honda-ի և Nissan-ի միջև բանակցությունները թույլ կտան ընկերություններին ավելի շատ համագործակցել տեխնոլոգիաների ոլորտում և կօգնեն նրանց ստեղծել Toyota-ի համար ավելի հզոր ներքին մրցակից:
Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ընկերությունները նաև քննարկում են լիակատար միաձուլման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցության ուղիներ են փնտրում Mitsubishi Motors-ի հետ, որի բաժնետոմսերի 24%-ը պատկանում է Nissan-ին