Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջողակ կանանց ու տղամարդկանց հետ մեկ միլիոն դրամով ընթրելուց հետո վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, որոշել է զարգացնել ձեռք բերված հաջողությունը` հիմա էլ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Ամանորից առաջ մեծ վիճակահանություն է կազմակերպում, ինչը, պարզ ասած` «ռեկետի» դասական օրինակ է:

Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է. «Մոտենում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամանորյա մեծ վիճակահանության ամփոփումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին: Վիճակահանությունն ուղիղ եթերով կհեռարձակվի Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով:

Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են՝ 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ եւ 1,5 մլն ՀՀ դրամ: Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը»:

Ի՞նչ վիճակահանություն է սա, ո՞ր ոլորտներին են ուղղվելու այդ գումարները, ովքե՞ր են մասնակցելու, ի՞նչ խնդիրների համար են նորից փող հավաքում: «Հրապարակն» այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից: Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը նշեց.

– Իսկությամբ, խոսքը վիճակահանության տոմսերի մասին է, բայց քանի որ արժեքները տարբեր են` 500 հազար դրամ, 1 մլն ՀՀ դրամ եւ 1,5 մլն ՀՀ դրամ, հասույթները պետք է ուղղվեն հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի համար: Ունենք ահագին ծրագրեր:

– Վիճակահանությանը մասնակցած քաղաքացիները, ովքեր վճարել են 500 հազար, 1 մլն եւ 1,5 մլն դրամ, չե՞ն մասնակցելու վիճակահանությանը: Որտե՞ղ է այն լինելու:

– Չէ: Մենք ուղիղ եթերով ենք կազմակերպելու վիճակահանությունը, հետո օր ենք նշանակելու, որպեսզի հաղթողներին հանձնենք իրենց նվերները: Անշուշտ, ոչ բոլորն են հաղթելու: 500 հազար դրամանոց խմբից` 3-4 հոգի, նույնը` 1 մլն-ի խմբից եւ 1,5 մլն-ի խմբից:

– Ի՞նչ նվերներ են շահելու մասնակցողները:

– Նկարներ` հռչակավոր նկարիչներից, արվեստի տարբեր գործեր, ոսկյա զարդեր, բժշկական փաթեթ` «Նաիրի» բժշկական կենտրոնից` մեկ տարվա համար, ճամփորդության տոմս, ամեն խմբի համար՝ զանազան: Մենք մեր բոլոր հասույթներն ուղղելու ենք ծրագրերին, այս վիճակահանության նպատակը դա է: Որպես շնորհակալություն՝ նաեւ նվերներ կհանձնվեն:

– Իսկ ինչո՞ւ վիճակահանության մասնակիցներին չեք հրավիրում:

– Որովհետեւ այդքան մարդ` 250, չենք կարող կանչել: Հետո հաղթողների համար նվերների հանձնման արարողություն կանենք: Վճարումը կատարողները մեր աջակիցների ցանկի մեջ կլինեն, կապ կստեղծենք հետագայում:

– Ովքե՞ր են մասնակիցները:

– Բավականին շատ են»։

Տեսանյութեր

Լրահոս