ՔՊ-ականները մաքրում են իրենց գրագրությունները, որ Աղազարյանի նման չխայտառակվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցած քաղաքական ժողովից հետո ՔՊ-ականների մոտ վախի ու սարսափի մթնոլորտն ավելի է ծանրացել։

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով վերջին օրերին հայտարարել է, որ իրենց դռնփակ նիստերից, ժողովներից արտահոսք կազմակերպողը արժանանալու է Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին. ոչ միայն կհեռացվեն, այլեւ հանրային կերպով կխայտառակվեն։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական «բարկացած» ժողովից հետո իշխանականների շրջանում մի իրարանցում է սկսվել. ՔՊ-ականները ջնջում, մաքրում են իրենց խոսակցությունները, գրագրությունները, չաթերը, նկարները, անձնական բնույթի տեղեկությունները, որպեսզի մի գեղեցիկ օր էլ այդ ամենը չհայտնվի վարչության նիստում, եւ իրենք չընկնեն Հովիկ Աղազարյանի օրը։

Բանն այն է, որ ՔՊ-ականներից շատերն իրենց հեռախոսներում ավելի վատ բովանդակություններով խոսակցություններ ու լուսանկարներ ունեն, ու եթե հանկարծ մի օր դրանք հանրայնացվեն, նրանց էլ ոչինչ չի փրկի։ Մի կողմից էլ իշխանականների սիրտը չի հանգստանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իրավապահները կարող են անգամ նրանց հին ու ջնջված նամակագրությունները վեր հանել ու որպես կոմպրոմատ օգտագործել իրենց դեմ։ Դրա համար էլ ՔՊ-ականները շատ լուռ են. ոչ ոք չի ցանկանում «սխալվել»:

Տեսանյութեր

Լրահոս