«2 օրում եմ հասել Գորիս, 25 ժամ առանց քնելու վարել եմ՝ ամբողջ ճանապարհին մեքենաներ էին, 5 րոպե գնում էինք, հետո 4-5 ժամ կանգնում». 12-ամյա Արենը՝ գաղթի ճանապարհի մասին
2023 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց բլոկադայի ենթարկված Արցախի Հանրապետության վրա, հաշված օրերի ընթացքում Արցախը բռնի հայաթափեց։ Շատերի նման Նազարյանների 5 հոգանոց երիտասարդ ընտանիքն էլ ստիպված դուրս եկավ Արցախից. տանը 3 անչափահաս երեխաներ կային, որոնց կյանքը ծնողները չէին ցանկանում վտանգի ենթարկել։
Սեպտեմբերի 27-ին Աշոտ Նազարյանը և Ինգա Արզումանյանն իրենց 3 երեխաների հետ միասին մեքենայի մեջ մի քանի շորեր են դնում, մի վերջին անգամ նկարվում տան մոտ, որը երկար տարիներ շարունակ կառուցում էին ու գրեթե նոր էին ավարտել, ու ճանապարհ ընկնում։ Դեռ Ստեփանակերտից սկսած՝ տեսել են մեքենաների անվերջ շղթան, քանի որ արցախահայերի մեծ մասը մինչև վերջին պահը չի ցանկացել դուրս գալ Արցախից՝ մտածելով, որ գուցե իրավիճակը փոխվի։
Դեռ Ստեփանակերտից դուրս չեկած՝ Պանթեոնի ճանապարհին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Աշոտ Նազարյանը ստիպված պետք է նաև ծնողներին ու մի քանի բարեկամներին տեղափոխող մեքենան էլ վարեր, ուստի երեխաներին ու կնոջն ասել է, թե երկու մեքենան էլ ինքը կվարի՝ հերթերով։ Այդպես՝ մի մեքենան մի քանի մետր վարել է, հետո ոտքով վերադարձել է, մյուս մեքենան է վարել։ Աշոտի որդին՝ 12-ամյա Արենը, տեսնելով, որ հայրն այդպես երկար չի կարող երկու մեքենան վարել, հորից խնդրում է մեքենայի բանալիները ու ասում՝ մայրիկին, քույրերին ու եղբորը կհասցնի Հայաստան։ Հայրը վստահում է որդուն, քանի որ 7 տարեկանից նրան մեքենա վարել էր սովորեցրել։
168.am-ի հետ զրույցում Արենը պատմեց Արցախից Հայաստան ընտանիքին բերելու ճանապարհի, իր մտորումների ու երազանքների մասին։
Համեստ ու քչախոս Արենը չի համարում, թե մեծ բան է արել, թեև իր արարքի մասին շատերն են խոսում, երբեմն իրեն ճանաչողները խնդրում են պատմել, թե ինչպես 25 ժամ շարունակ Արցախից մեքենան վարեց մինչև Հայաստան։
«Մեքենա վարել սովորել եմ 7 տարեկանից, հայրիկս է սովորեցրել։ Երբ ազատ ժամանակ էի ունենում, նստում էի հայրիկիս կողքին, մեքենան վարում էր, ես սովորում էի՝ «06» մակնիշի մեքենայի վրա սովորեցի վարելը։
Արցախից մենք դուրս եկանք 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, սկզբում մեր մեքենան պետք է վարեր հորաքրոջս տղան, հետո չվարեց, ես ու հայրիկս որոշեցինք, որ ես կվարեմ։
Իրականում մի փոքր վախ կար, բայց գիտակցում էի, որ նրանց տեղ հասցնելու պատասխանատվությունն ինձ վրա է, իմ ուսերին։
Երկու օրում եմ հասել Գորիս, 25 ժամ վարել եմ։ Գիշերները չեմ քնել, անդադար վարել եմ։ Ամբողջ ճանապարհին մեքենաներ էին, 5 րոպե գնում էինք, հետո 4-5 ժամ կանգնում, այդպես շարունակ, դրանից ավելի շատ էի հոգնում»,- պատմեց Արեն Նազարյանը։
Այժմ Արենը շատ է կարոտում Արցախը, Ստեփանակերտը, հատկապես՝ պապիկի բակը, որտեղ ժամերով խաղացել է, կարոտում է ընկերներին, որոնց հետ այդ բակում էր խաղում։
Արցախում բլոկադայի օրերին Արենը և ընտանիքը հույս ունեին, որ ճանապարհը կբացվի։
«Հույս ունեինք, որ ճանապարհը կբացվի, կա՛մ պետք է մենք գնանք, կա՛մ պետք է ինչ-որ բան գար։ Ես շատ էի ուզում, որ ինչ-որ բան գար։ Եթե կարողանանք, ինքս հետ կգնամ Արցախ, երազում եմ, որ Արցախ վերադառնանք։
Երբ մեծանամ, ուզում եմ ճարտարապետ դառնամ, մեծ ու սիրուն շենքեր կկառուցեմ Արցախում։
Երբ հայրիկս սկսեց ինձ մեքենա վարել սովորեցնել, ես էլ սկսեցի գումար հավաքել, որ դառնամ 17-18 տարեկան, ինձ համար BMW գնեմ։
Մի անգամ Երևանում հայրիկս մեքենա էր վարում, նստել էի կողքին, ոստիկանները կանգնեցրին ու ասացին՝ փոքր ես, մեքենայի առջևում չես կարող նստել»,- ասաց տղան։
Ըստ Արենի, Արցախից բռնի տեղահանվելուց հետո Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին իր տարեկից մի քանի տղաների է տեսել, որոնք կրկին մեքենա էին վարում, սակայն նրանց չի ճանաչում։
Դպրոցում գրականությունն ու պատմությունն Արենի սիրելի առարկաներն են, ազատ ժամերին սիրում է ինչ-որ բաներ քանդել ու նորից հավաքել։
«Արցախում հեծանիվ ունեի, որը չկարողացա ինձ հետ վերցնել, այդ հեծանիվով բլոկադայի օրերին գնում էի դպրոց, կամ եթե մի բան էր պետք լինում՝ բերում էի տուն։ Չնայած հիմա հեծանիվ առել եմ, բայց Արցախի իմ հեծանիվը կուզեի բերել։ Փլեյստեյշն ունեի, դա եմ բերել Արցախից։
Պետք է առաջ նայել, մտածել, որ լավ է լինելու։
Այս տարի փոքրիկ քրոջս անունից ձմեռ պապիկին նամակ ենք գրել, ու ցանկացել ենք, որ հաջորդ տարի գնանք Արցախ»,- շեշտում է Արենը։
Արենի մայրիկը խոստովանում է՝ եթե Արցախի իրենց բակից իմանար, որ այդքան ճանապարհ Արենը պետք է մեքենան վարի, գուցե չթողներ, սակայն նման որոշում եղել է ճանապարհին։ Ասում է՝ Արցախում տեղի ունեցածից հետո շոկի մեջ է եղել, չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը։
Նա հիշում է, որ ճանապարհին Արենը միայն «Կոլա» է ուզել, մայրը խոստացել է՝ հասնեն Գորիս՝ կառնի, բայց Գորիս հասնելուց հետո Արենը ոչինչ չի ուզել, նույնիսկ «Կոլա»…
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում